Ոստիկանության զորքերը՝ մարտական հերթապահության
Օգոստոսի 23-ին հանդիսավոր ու տոնական արարողություն էր Ոստիկանության զորքերում. մարտական հերթապահության համար առաջնագիծ էր մեկնում Զորքերի առաջին ստորաբաժանումը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Հանդիսությանը մասնակցում էր և զինծառայողներին ողջույնի ու ողջերթի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց պետական սահմանի պաշտպանության գործում ոստիկանության
զորքերի աջակցությունը հանրապետության զինված ուժերին և այդ իրողությունը կարևորեց հասարակության կողմից ոստիկանության հանդեպ հավատի ու վստահության ամրապնդման համատեքստում. քաղաքացին ոստիկանությանը և ոստիկանության զորքերին պետք է ընկալի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգության պաշտպանի:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության ողջ համակարգին ու ոստիկանության զորքերին` հայրենասիրական քայլի ու խիզախումի, զինծառայողների ընտանիքներին, ծնողներին ու երեխաներին` նրանց հպարտությամբ ծառայության ճանապարհելու համար` Նիկոլ Փաշինյանը անփորձանք ու հպարտ ծառայություն մաղթեց նրանց:
Այնուհետեւ առաջնագիծ մեկնող առաջիններին շնորհավորեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ մարտական հերթապահությունը կանցնի ամենաբարձր մակարդակով ու հավաստեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը կանգնած է նրանց կողքին:
Ոստիկանության հոգեւոր առաջնորդի օգնական տեր Վրթանեսի բարեմաղթությունից եւ օրհնանքից հետո տեղի ունեցավ երդման արարողություն: Տոնական արարողությունն ավարտվեց զինծառայողների հանդիսավոր երթով: