Կաշառքի գործով դատարանում կհարցաքննվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալը
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի, փաստաբան Գայանե Գալոյանի և Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ գործով դատարանը հաջորդ դատական նիստում կհարցաքննի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ով հանդիսացել է քննիչ Միքայել Զադոյանի վերադասը:
Բունիաթ Եղիազարյանին դատարանում հարցաքննելու միջնորդությամբ հանդես էին եկել Միքայել Զադոյանի պաշտպանները:
Զադոյանի գործով Բունիաթ Եղիազարյանը դատակոչի ցուցակում ընդգրկված չէ, և քննիչ Զադոյանի պաշտպանները միջնորդությունը ներկայացնելիս նշել էին, որ նախաքննության ընթացքում նա բազմիցս հարցաքննվել է և նրա ցուցմունքներով հերքվել են Բաբկեն Գասպարյանի պնդումներն այն մասին, թե Զադոյանը գնացել և Բունիաթ Եղիազարյանին կանչել է իր աշխատասենյակ, և ոչ միայն դա:
Պաշտպանական կողմը գնում է, որ վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն միտումնավոր նրան դատակոչի ցուցակում չի ընդգրկել, այլև մեղադրական եզրակացության մեջ չի անդրադարձել նրա ցուցմունքներին:
Նշենք, որ Բունիաթ Եղիազարյանի մասով ՀՔԾ-ն գործն առանձին վարույթում է քննել և ուղարկվել դատարան: Այն դատարանում քննվում է դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում:
Բունիաթ Եղիազարյանի հարցաքննությունից հետո դատարանը՝ նախագահությամբ Մերսոպ Մակյանի, կանցնի ամբաստանյալների հարցաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց, նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին՝ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Ըստ Գայանե Գալոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա օժանդակել է Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստացող վերը նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին:
Միքայել Զադոյանին էլ մեղադրանք է առաջադրվել իր վարույթում քննվող քրեական գործով նույն բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Խոսքը գնում է 3000 ԱՄՆ դոլար կաշառքի մասին:
Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Գայանե Գալոյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Բաբկեն Գասպարյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: