Անգելա Մերկելը ժամանեց Վրաստան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Գերմանիայի կառավարության ղեկավարի ինքնաթիռը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել տեղական ժամանակով ժամը 15:20-ին՝ պլանավորվածից 10 րոպե առաջ: Օդանավակայանում հյուրին դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին եւ Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին:
«Սա շատ կարեւոր, կարելի ասել՝ պատմական այց է՝ ելնելով այն բանից, որ վերջին անգամ տիկին կանցլերը Վրաստանում եղել է տասը տարի առաջ: Նախեւառաջ, սա աջակցություն է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ այն բարենորոգումներին, որոնք իրականացվում են Վրաստանում»,- ասել է Զալկալիանին լրագրողներին:
Թբիլիսիի օդանավակայանից Մերկելը կուղեւորվի Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմանը: Դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա կառավարության վարչակազմի շենքի բակում: Դրանից հետո Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ:
«Բնականաբար, կքննարկվեն այն հարցերը, որոնք պետք է զարգացնեն ու ավելի խորացնեն Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները: Խոսքը վերաբերում է առեւտրատնտեսական, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար կապերին: Կքննարկվեն քաղաքական օրակարգի բոլոր հարցերը, որոնք կօգնեն Վրաստանին՝ ինտեգրվելու եվրոպական ու եվրատլանտյան կառույցներում, ուժեղացնել Վրաստանի պաշտպանունակությունը»,- հայտարարել է Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Օգոստոսի 24-ին Գերմանիայի կանցլերը հանդիպում կանցկացնի Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այնուհետեւ հանդիպում է ծրագրված Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետհամալսարանի ուսանողների, ինչպես նաեւ Եվրամիության դիտորդների առաքելության ներկայացուցիչների հետ:
Թբիլիսիից Անգելա Մերկելը կուղեւորվի Երեւան, իսկ այնուհետեւ՝ Բաքու: