Սեզոնը պետք է փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կստեղծվի օպերատիվ խումբ, որը կուսումնասիրի ոռոգման համակարգում իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ սեզոնը փակվի առանց Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրին ձեռք տալու: Այդ մասին հայտարարեց վարչապետը՝ կառավարության նիստում:
«Հենց ի սկզբանե, դեռ հունիսին խնդիր էր դրվել՝ ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չլինի: Հետո ինձ զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի լինի, իսկ հետո զեկուցվել է, որ Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կլինի: Եվ այսպես մի քանի անգամ: Եվ, ըստ էության, կառավարությունում մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, և քննարկումների մասնակիցները բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներն էին: Վերջին քննարկման ժամանակ այսպիսի իրավիճակ ունեինք, երբ քննարկման մասնակիցները բաժանվել էին երկու մասի. մի մասը պնդում էր, որ հնարավոր է ոռոգման կարիքները բավարարել՝ առանց Սևանից ջրառ իրականացնելու, մյուս մասը պնդում էր, որ դա հնարավոր չէ անել, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, կկանգնենք աղետի առաջ, որովհետև կպարզվի, որ գյուղացիների այգիները, որոնք, ըստ նախնական տեղեկությունների, աննախադեպ բարձր բերք են սպասում, կկանգնեն ուղղակի աղետի առաջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հիմա կառավարությունը եկել է հետևյալ մոտեցման. Առաջին՝ երաշխավորելու համար իրավիճակը Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնելու որոշում է կայացվում, բայց, մյուս կողմից՝ ստեղծվում է օպերատիվ խումբ:
«Վերջինս նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, այդ խնդիրը լուծենք: Բայց ամեն դեպքում եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ այդ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառը կիրականացնենք»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ջրի այդ պահանջարկն ինչպես է ձևավորվում: «Արդյոք դա ապացուցելի՞ է, արդյոք դա վերահսկելի՞ է, և ըստ էության, պարզ է դառնում, որ ամեն ինչ աչքաչափի վրա է: Եվ սա մի աղետալի համակարգ է, որը չես հասկանում՝ ինչ սկզբունքներով է աշխատում: Եվ այս առումով մենք պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է շատ լուրջ կազմակերպչական լուծումների գնալ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ պետք է պատկերացնել ջրի ամեն խորանարդ մետրի օգտագործումը և հետևել, թե դա ինչպես է օգտագործվում:
Կառավարության ղեկավարը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ լրջագույն վերահսկողություն իրականացնել այդ գործընթացի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, դիմելով ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, հանձնարարեց, որպեսզի ոստիկանության առավել մասնագիտացված ստորաբաժանումները ևս միանան այս աշխատանքային խմբին և գործընթացը պահեն լիարժեք վերահսկողության տակ: