Թրամփը կարծում է, որ իրեն իմպիչմենտ հայտարարելը կհանգեցնի տնտեսության փլուզման
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար: Այս պնդումով Սպիտակ տան ղեկավարն ինքը հանդես է եկել Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հաղորդվել է օգոստոսի 23-ին:
«Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է իմպիչմենտ հայտարարել նրան, ով հոյակապ աշխատանք է կատարել: Եթե երբեւիցե ինձ իմպիչմենտ հայտարարեն, կարծում եմ՝ շուկաները կփլվեն, կարծում եմ, որ բոլորը խիստ կաղքատանան»,- ասել է նա՝ պատասխանելով հեռուստաալիքի լրագրողուհի Էշլի Իրհարթին, որը Թրամփին հարցրել էր, թե արդյոք նրան իմպիչմենտ կհայտարարվի, եթե Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում տեղերի մեծամասնությունը բաժին հասնի ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին:
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կկայանան Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, որոնց ընթացքում կվերընտրվեն 100 սենատորներից 35-ը, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, ինչպես նաւե 39 նահանգապետ: Առաջիկա ընտրությունները միջանկյալ են անվանում, քանի որ դրանք անցկացվում են երկու նախագահական ընտրությունների միջեւ: Սովորաբար այդ ընտրություններում այն կուսակցությունը, որը հաղթանակ է տարել երկու տարի առաջ Սպիտակ տան համար պայքարում, տեղեր է կորցնում Ներկայացուցիչների պալատում:
Ներկայում Ներկայացուցիչների պալատում հանրապետականների եւ դեմոկրատների հարաբերակցությունը 236 է առ 193, վեց տեղ թափուր է: Ներկայացուցիչների պալատի նկատմամբ հսկողություն ստանալու համար դեմոկրատներին անհրաժեշտ է լրացուցիչ նվաճել 25 մանդատ:
Սենատում հանրապետականներն ունեն ոչ մեծ գերակշռություն՝ 51 ձայն՝ ընդդեմ դեմոկրատների 47-ի եւ երկու անկախ սենատորների, որոնք սովորաբար դաշինք են կազմում դեմոկրատների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: