
Վիկտոր Սողոմոնյանին հրավիրել են Մոսկվա` դասավանդելու

168.am-ի տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը դասախոսություններով հանդես գալու հրավեր է ստացել ՌԴ ԱԳՆ համակարգում գործող հանրահայտ МГИМО համալսարանից (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
Ըստ տեղեկությունների, արդեն սեպտեմբերին Սողոմոնյանը հանդես է գալու վարպետաց դասերի շարքով, որոնց ունկնդիրն են լինելու ոչ միայն համալսարանի քաղաքագիտության և միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողները, այլև ռուսաստանցի գործող լրագրողներ տարբեր տեղական ԶԼՄ-ներից:
Մեզ հետ հեռախոսազրույցում Սողոմոնյանը հաստատեց այս տեղեկությունները: «Այո, դա ճիշտ է, ունեմ հրավեր, սեպտեմբերին և հոկտեմբերին МГИМО համալսարանում հանդես եմ գալու դասախոսություններով «Ժամանակակից քաղաքականության իմաստները» թեմայով:
Ուսանողներին եմ ներկայացնելու արդի քաղաքական դիսկուրսի առանձնահատկությունները, ժամանակակից մեդիաների պայմաններում քաղաքական իմաստներ գեներացնելու և դրանք սպառելու արդյունավետ միջոցները, թեմային առնչվող այլ երևույթներ: Բայց սա չի նշանակում, որ աշխատավայրս կամ կեցավայրս փոխում եմ, ընդամենը աշնան ամիսներին մի քանի օր բացակայելու եմ Երևանից», – հայտնեց Սողոմոնյանը:
Նա հաստատեց նաև, որ ռուսաստանյան դաշնային հեռուստաընկերություններից մեկը դասախոսությունների տեղեկատվական հովանավորն է լինելու: Հիշեցնենք, որ Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական գիտությունների դոկտոր է: