
Ֆրանսիացիների կեսից ավելին դժգոհ է Մակրոնի գործողություններից

Ֆրանսիացիների ավելի քան 54 տոկոսը դժգոհ է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի գործողություններից եւ գտնում է, որ նրա քաղաքականությունը «բացասական ազդեցություն է գործում իր անձնական վիճակի վրա»:
Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն Elabe ինստիտուտն անցկացրել է BFMTV հեռուստաալիքի համար: Հարցման արդյունքների համաձայն, ֆրանսիացիների 54 տոկոսը հայտնել է, որ «դառնացած է» Մակրոնի գործողություններից:
Այդ ցուցանիշը ամենավատերից մեկն է 2017 թվականի հուլիսից ի վեր: Ընդ որում՝ հարցվածների մոտավորապես մեկ երրորդը ձեռնպահ է մնացել պատասխանից, հայտարարելով, որ «դեռեւս շատ վաղ է ինչ-որ բան ասել», իսկ 14 տոկոսը երկրի նախագահի գործողությունները համարում է «գոհացուցիչ»:
Բացի այդ, հարցման մասնակիցների 58 տոկոսը նշել է, որ նախագահի քաղաքականությունը «բացասաբար է ազդում իրենց անձնական վիճակի վրա», իսկ 57 տոկոսը խոսել է երկրի վրա բացասական ազդեցության մասին: Ընդ որում՝ 36 տոկոսը կարծում է, որ իրադրությունը մնում է «կայուն», 6 տոկոսի կարծիքով՝ դրությունը «բարելավվում է»: Հարցումը Համացանցում անցկացվել է օգոստոսի 21-22-ին, դրան մասնակցել է 18-ից բարձր տարիքի 1003 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: