Soulik թայֆունը մոլեգնել է Չեջուդո կորեական կղզում և շարժվում է դեպի Սեուլ
Soulik թայֆունն օգոստոսի 23-ին մոլեգնել է Հարավային Կորեայի Չեջուդո առողջարանային կղզում եւ շարժվում է դեպի Սեուլ: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության օդերեւութաբանական վարչությունը:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ թայֆունի հետեւանքով մեկ մարդ անհայտ կորել է, եւս մեկը վնասվածք է ստացել, խախտված է տրանսպորտի երթեւեկությունը: «Ռյոնհապ» գործակալության տվյալներով՝ ավելի քան 6,5 հազար բնակարան մնացել է առանց էլեկտրականության: Օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ օգոստոսի 24-ի լուսաբացին թայֆունը կհասնի Սեուլ: Հարավային Կորեայի բոլոր մարզերին կարգադրված է նախապատրաստվել հնարավոր վնասին:
Ծովային նավահանգիստների մեծ մասը դադարեցնում է աշխատանքը, ինն օդանավակայաններում չեղարկվում են ավիաչվերթները, շուրջ մեկուկես հազար դպրոցներ դադարեցրել են պարապմունքները:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել իշխանություններին՝ նվազագույնի հասցնել հնարավոր վնասը թայֆունից: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի Գլխավոր օդերեւութաբանական վարչությունը, Soulik թայֆունն իր հետ կբերի մինչեւ 400 միլիմետր տեղումներ: Թայֆունի կենտրոնում քամու արագությունը գերազանցում է վայրկյանում 40 մետրը: Ծովում մինչեւ 8 մետր բարձրությամբ ալիքներ են սպասվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: