Տեղատարափը հեղեղում է առաջացրել Բաթումում
Բաթումում տեղացած հորդառատ անձրեւի պատճառով ջրի գերության մեջ են հայտնվել մի քանի փողոցներ, հեղեղվել են բնակելի շենքերի նկուղային հարկերը: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաալիքը:
Ջրի մեծ հոսքի պատճառով կանգնեցվել է ավտոմեքենաների երթեւեկությունը: Տեղի բնակիչների խոսքով՝ Բաթումում յուրաքանչյուր անձրեւից հետո խնդրահարույց վիճակ է ստեղծվում ճանապարհներին:
«Յուրաքանչյուր անձրեւի ժամանակ այդպես է լինում: Ջուրը նաեւ լցվում է տները»,- հեռուստաալիքին պատմել է տեղի բնակչուհիներից մեկը: Արտակարգ իրավիճակների ծառայությունը 12 հաղորդում է ստացել: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքներն ավարտվել են ուշ գիշերին: