Ռոբերտ Քոչարյանի հարցը ՍԴ-ո՞ւմ. ինչ քննարկումներ են ընթանում դատական համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան:

Թեեւ դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետեւյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի:

Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու եւ այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաեւ նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաեւ Սերժ Սարգսյանին):

Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է եւ ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս