Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը հայտնի կլինի աշնանը. կա երկու տարբերակ՝ մեկը լավ, մյուսը շատ վատ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգել քի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է:

Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլ նաև՝ վարորդներին: «Փաստ»-ը փորձեց հասկանալ, թե այս խնդրի շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կամ լուծումներ կան:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունում սրա հետ կապված երկու տարբերակ է քննարկվում, որից մեկն, ըստ նրա, լավն է, մյուսը՝ շատ վատ: Քիչ թե շատ դրական տարբերակը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչև 2020 թ. թույլատրելուն, իսկ մյուսը՝ ներկրելը մեկ պայմանով թույլատրելուն, այն է՝ ղեկի տեղափոխությամբ:

Սակայն ոչ ոքի համար այսօր գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման որոշումը՝ ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա:

Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ:

«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազեծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,- նշեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս