ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն ամփոփել է Սիրիայում ռազմական գործողության արդյունքները
Ռուս զինվորականները Սիրիայում օդուժի եւ թեւավոր հրթիռների հարվածներով ոչնչացրել են 86 հազար զինյալների, այդ թվում՝ Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից 4,5 հազար սերածների: Այս տվյալները բերված են այն տեսահոլովակում, որն օգոստոսի 22-ին YouTube-ում հրապարակվել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության (ՊՆ) պաշտոնական ալիքում:
«Օդուժի եւ թեւավոր հրթիռների հարվածների շնորհիվ ոչնչացվել է ահաբեկիչների 121 466 օբյեկտ, այդ թվում 970 դաշտային ճամբար, 20 513 հենակետ, զինամթերքի եւ վառելիքաքսուքային նյութերի 9 941 պահեստ, 649 տանկ, 731 հետեւակի մարտական մեքենա, 8 927 ավտոմոբիլ՝ զենիթային կայանքներով:
Վերացվել են հրոսակային կազմավորումների 836 պարագլուխներ, ավելի քան 86 հազար զինյալներ, այդ թվում 4,5 հազարը՝ ՌԴ-ից եւ ԱՊՀ-ի երկրներից սերածներ»,- ասված է տեսանյութում:
Գերատեսչությունում նաեւ հայտնել են, որ ավելի քան 63 հազար ռուսաստանցի զինծառայողներ, այդ թվում 26 հազար սպաներ եւ 434 գեներալներ են մարտական փորձ ձեռք բերել Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: