«Կենսաթոշակային համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կուտակային համակարգի միջոցով»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ կենսաթոշակային համակարգում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կուտակային համակարգի միջոցով:
«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մի քաղաքացին, ով ունի 2, 3 և ավելի երեխա, այսինքն՝ ըստ էության ժողովրդագրական խնդիր է լուծել մեր պետության համար, հատկացում կատարի ճիշտ այնքան, ինչքան այն քաղաքացին, ով չունի երեխա կամ ունի մեկ երեխա: Այսինքն՝ այս քաղաքացու սոցիալական ու ընտանեկան վիճակը առանց հաշվի առնելու մենք հավասարաչափ բոլորի վրա բեռ ենք դրել:
Ես խորապես համոզված եմ, որ չի կարող այն քաղաքացին, ով մի քանի երեխա ունի, վճարել այնքան, որքան երեխա չունեցող մեր վարձու աշխատողը:
Առնվազն հինգ անգամ պետք է նվազ վճարի, և պետությունը պետք է հասկանա, որ իր վրա բեռ կա՝ պաշտպանելու այս քաղաքացուն»,- ասաց Թանդիլյանը: