Բաժիններ՝

Պաստոր Բրանսոնին ազատելն ակնթարթորեն կլուծի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների ճգնաժամը. Բոլթոն

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների ճգնաժամը կարող է ակնթարթորեն ավարտվել, եթե Թուրքիան ազատի ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այս կարծիքը Բոլթոնը հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, որը տարածվել է օգոստոսի 22-ին:

«Թուրքական իշխանությունները մեծ սխալ գործեցին՝ ազատ չարձակելով պաստոր Բրանսոնին»,- հայտարարել է Բոլթոնը: Նա նաեւ նշել է, որ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամը «կարող է ավարտվել ակնթարթորեն, եթե Թուրքան՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից եւ Արեւմուտքի բաղկացուցիչ մաս, ճիշտ վարվի եւ առանց նախապայմանների ազատի Բրանսոնին»:

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետագա անդամակցության վրա պաստորի հետ կապված միջադեպի ազդեցության վերաբերյալ հարցին, ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը հայտարարել է, որ նման խնդիր «օրակարգում չկա»: «Մենք կենտրոնացած ենք պաստոր Բրանսոնի եւ մյուս այն ամերիկացիների վրա, որոնք ապօրինաբար ձերբակալված են Թուրքիայի կառավարության կողմից»,- նշել է Բոլթոնը:

Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան սխալ է գործում՝ պատասխան միջոցներ կիրառելով Միացյալ Նահանգների դեմ, եւ հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ զիջումների գնալ Անկարային: Դրա հետ մեկտեղ նա նշել է, թե իրեն չի հուզում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը կարող է ազդել այլ երկրների տնտեսական իրադրության վրա: «Ես ապրումներ չունեմ այդ կապակցությամբ, ոչ մի ապրում: Դա այն է, ինչ հարկավոր է անել»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: «Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս