
Էրդողանի ներկայացուցիչը ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգությունը որակել է քաոս առաջացնելու փորձ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը Անկարաում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հրաձգության հետ կապված միջադեպը որակել է քաոս առաջացնելու փորձ:
«Մենք դատապարտում ենք ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարված հարձակումը: Այն քաոս սերմանելու բացահայտ փորձ է»,-օգոստոսի 20-ին գրել է նա Twitter-ի իր էջում:
Կալընի խոսքով՝ «Թուրքիան անվտանգ երկիր է, եւ օտարերկրյա բոլոր ներկայացուցչությունները գտնվում են պահպանության ներքո»: Նա ընդգծել է, որ հարձակման փաստով հետաքննություն է սկսվել:
Թուրքիայում կառավարող Արդարության եւ զարգացման կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքն ավելի վաղ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը համարել է սադրանք:
CNN Turk հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 20-ին անհայտ անձինք, սպիտակ ավտոմեքենայով անցնելով ԱՄՆ-ի դեսպանատան կողքով, վեց կրակոց են արձակել դրա ուղղությամբ: Գնդակներից երեք դիպել են դիվանագիտական ներկայացուցությունը հսկող պահակների տնակին: Միջադեպը, ինչպես նշում է Hurriyet-ը, տեղի է ունեցել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լուրջ վատացման ֆոնին այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, որը կասկածվում է ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու մեջ, ինչպես նաեւ տարբեր խմբերի ապրանքների մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: