«Հայաստանի արագ փոխակերպումը. հեղաշրջո՞ւմ, հեղափոխությո՞ւն, թե հակահեղափոխությո՞ւն». թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքն ընդարձակ հոդվածով անդրադարձել է Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

«Հայաստանում կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, այն էլ՝ շատ արագ տեմպերով»,- ըստ ermenihaber.am-ի՝ գրում է թուրքական թերթը՝ նախ համառոտ նկարագրելով հեղափոխությունից առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը (սահմանադրական փոփոխություներ, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելը և այլն): Հեղափոխության ընթացքի մասին շարադրված որոշ տեղեկություններից հետո հոդվածագիրն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «կառավարման 100 օրվա հաշվետվությունը ներկայացրել է ոչ թե մամուլի ասուլիսի, այլ հանրահավաքի շրջանակներում, որին մասնակցել են այն զանգվածները, որոնցից Փաշինյանը ստացել է իր իշխանությունը»:

«Փաշինյանը խոստացավ շատ լուրջ քայլեր անել մինչև առաջիկա խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն ամենաուշը 2019-ի մայիսին: Քայլերն արդեն կատարվում են. ամենամեծ խնդիրը «ապօրինության դեմ պաքարն է», որը նպատակաուղղված է  տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն և հասարակական կարգն ապահովելուն:

Այս ուղղությամբ իրապես արդեն մի շարք քայլեր են կատարվել՝ բանակում, նախարարություններում, մարզպետարաններում, քաղաքապետարաններում ու բիզնես աշխարհում կարևոր դիրքեր զբաղեցնող մի շարք անձինք ձերբակալվել են:

Հայտարարվել է ավելի քան 100 մլն դոլար բյուջե վերադարձնելու մասին և ավելացվել, որ վերադարձման ենթակա գումարները կարող են միլիարդներ կազմել: Կարևոր քայլեր են կատարվել նաև դատական համակարգի ու մեդիադաշտը իշխանության կամակատարից անկախ կառույցի վերածելու հարցում: Նախկին լրագրող Փաշինյանը գրեթե բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեդիայի առաջ՝ հատկապես կարևորություն տալով ֆեյսբուքյան ուղիղ եթերներին»,- գրում է թուրքական կայքը:

Աղբյուրը «օրենքի գերակայության» տեսանկյունից կատարված քայլերից առանձնացրել է հատկապես ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, ում մարտի 1-ի գործի շրջանակներում «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանք է առաջադրվել:  Ավելացվել է նաև, որ ավելի ուշ ազատ արձակված ու քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարած Քոչարյանը, ըստ տարածված կարծիքի, մինչև այժմ Մոսկավայի հետ ամենալավ հարաբերություններն ունեցող ղեկավարներից է:

Կայքը հիշեցրել է նաև, որ նույն գործի շրջանակներում, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Վերոնշյալ զարգացումները հանդիպեցին Մոսկվայի հակազդեցությանը: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը Երևանին «զգուշացրեց» նախկին քաղաքական առաջնորդներին հետաքնելու փոխարեն ուշադրություն դարձնել ազգային միասնության ու կայունության պահպանմանը և համատեղ կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը,- գրում է կայքը, նշելով, որ, այնուամենայնիվ, նշյալ զարգացումները չեն կարող դիտարկվել որպես Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրի փոփոխություն: Ըստ աղբյուրի՝ մեծ հաշվով Հայաստանը պահպանում է նախկին ուղղվածությունը. Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնն են, սակայն Երևանը ցանկանում է լավ հարաբերություններ զարգացնել նաև Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ: Հստակ իրողություն է նաև այն, որ Փաշինյանն՝ իր ընտրած ներքաղաքական առաջնահերթությունների պատճառով լարված հարաբերությունների մեջ է Մոսկվայի հետ: Հայաստանի առաջնորդի՝ «Պետք չէ անհանգստանալ, ամեն ինչ իր հունով է գնում: Բոլորը, այդ թվում՝ Մոսկվան պետք է ադապտացվեն մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին» հայտարարությունը հետք թողեց քաղաքական հիշողությունների մեջ»,- գրում է «T24»-ը:

«Արագ վազող Փշինյանը կընկնի՞ արդյոք» ենթավերնագրի տակ նշվում է, որ Փաշինյանին ու իր կառավարությանն ուղղված ամենաշատ քննադատությունները վերաբերում են նրանց քաղաքական անփորձությանը:

Աղբյուրը նշում է նաև, որ Հայաստանում տեղի ունեցող արագ փոփոխությունները տարբեր կերպ են մեկնաբանվում. «Իշխանության և նրա կողմնակիցների բնորոշմամբ տեղի ունեցողը հեղափոխություն է, իսկ որոշ շրջանակներ, հատկապես Փաշինյանի նկատմամբ ոչ այնքան բարյացկամ տրամադրված ռուսաստանյան որոշ աղբյուրներ էլ հեղաշրջում տերմինն են օգտագործում: Սակայն այստեղ պետք է նշենք, որ ի տարբերություն Միխեիլ Սահակաշվիլիի, ով այդքան էլ կարևորություն չտալով օրենքներին՝ գրավեց Վրաստանի խորհրդարանի շենքը, Փաշինյանն իր բոլոր քայլերն անում է սահմանադրության ու օրենքների շրջանակներում:

Արևմտյան աղբյուրների մեծամասնությունն էլ «գունավոր հեղափոխություն» կամ «թավշյա հեղափոխություն» տերմինն են օգտագործում՝ ու դրա ապագայի հետ մեծ հույսեր կապում: Արդյո՞ք նրանք ճիշտ դուրս կգան: Չենք կարող ասել: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Այս պահին Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած կազմակերպությունները լքելու և արևմտյան բլոկին միանալու հեռանկար չի նշմարվում»: Փաշինյանը այդպիսի մտադրություն չի հայտնել, նույնիսկ իշխանության գալուց հետո պարբերաբար խոսել է Մոսկվայի հետ դաշնակացային հարաբերությունների մասին»:

Անդրադառնալով հնարավոր հակահեղափոխությանը՝ կայքը նշում է, որ դա նախկին բյուրոկրատիայի ներկայացուցիչների, բանակի մի մասի ու իրենց առանձնահատուկ դիրքերը կորցնող խոշոր կապիտալի որոշ ներկայացուցիչների երազանքն է, որոնք սպասում են, անփորձ ու ամուր իշխանություն չունեցող Փաշինյանի հնարավոր լուրջ սխալներին:

Կայքը Փաշինյանի առջև ծառացած ամենադժվար խնդիրներից մեկը համարում է Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունը:

«Վերջին շրջանում Երևանը հաճախ է հայտարարություններ անում ռազմական տեսանկյունից բավական հզորացած Բաքվի հետ ամեն պահի պատերազմ սկսվելու հավանականության մասին: Իհարկե, մեծ հաշվով այս հարցի բանալին Մոսկվայի ձեռքում է, սակայն եթե Հայաստանի իշխանությունը ներսում թուլանա և հեղաշրջման փորձի հանդիպի, դրսում նույնպես դժվար վիճակում կհայտնվի»,- ասվում է հոդվածում:

Վերջում կայքն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ հիշեցնելով, որ Թուրքիան շատ է հեռացել 2009 թվականի «ֆուտբոլային դիվանագիտության» մթնոլորտից ու Ադրբեջանի պահանջները դարձրել հարաբերությունների կարգավորման ու սահմանները բացելու նախապայման:

«Սակայն հնարավոր է հարաբերություններ հաստատելու մեթոդներ գտնել այսպիսի արագ փոփոխություններ ենթարկվող երկրի ղեկավարության հետ: Արդյունքում հարևանները ստիպված եմ միշտ կողք կողքի ապրել»,- եզրափակել է հոդվածագիրը:

Տեսանյութեր

Լրահոս