Աֆղանստանի իշխանություններն ազատել են թալիբների կողմից առևանգված 149 ուղևորների
Օգոստոսի 20-ին Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ կառավարական ուժերին հաջողվել է հասնել այն երեք ավտոբուսների 149 ուղեւորների ազատման, որոնց ավելի վաղ տիրացել էին «Թալիբան» արմատական շարժման զինյալները: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Միեւնույն ժամանակ ուղեւորներից 21-ը գերի են մնում, հայտնել են իշխանությունները: Օգոստոսի 20-ին ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զինյալները Աֆղանստանի հյուսիսում գրավել են երեք ավտոբուս, որոնցում, նախնական տվյալներով, գտնվում է մոտավորապես 150 ուղեւոր:
Միջադեպը տեղի է ունեցել Կունդուզի նահանգի Խան Աբադի շրջանում:
Ավելի ուշ «Թալիբան»-ի ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ շարժումը մտադիր է ազատ արձակել ավտոբուսներում գտնվող խաղաղ բնակիչներին, բայց գերի պահել աֆղանական անվտանգության ուժերի զինծառայողներին, որոնք եղել են ուղեւորների մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: