
Թուրքիան և Կատարը համաձայնագիր ստորագրեցին 15 մլրդ դոլարի ներդրումային նախագծի շրջանակներում

Թուրքիան եւ Կատարը արժույթների փոխանակման երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դոհայի կողմից Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի ներդրման նախագծի շրջանակներում: Օգոստոսի 20-ին այս մասին հայտնել է Anadolu-ն:
Փաստաթուղթն ստորագրել են Թուրքիայի եւ Կատարի կենտրոնական բանկերի ղեկավարներ Մուրատ Չեթինքայան եւ Աբդուլա բին Սաուդ Ալ Թանին: Արարողությունը կայացել է Կատարի մայրաքաղաքում:
Արժութային փոխանակման վերաբերյալ համաձայնագիրը կողմերից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռում ստանալու մյուս երկրի արժույթի իրացվելիությունից օգտվելու հնարավորություն՝ ազատվելով արժույթի շուկաներում դրա ձեռքբերման անհրաժեշտությունից: Սպասվում է, որ համաձայնագրի առաջին փուլում գործի կդրվեն 3 միլիարդ դոլարի չափով դրամական միջոցներ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի միջեւ օգոստոսի 15-ին կայացած բանակցությունների արդյունքում հայտարարվել է «Թուրքիայի տնտեսությունում 15 միլիարդ դոլարի չափով ուղղակի ներդրումներ իրականացնելու» Էմիրության մտադրությունների մասին: Այդ հայտարարությունն օգնել է դադարեցնելու ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային անկումը, որը սրընթաց ընկնում էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: