Բաժիններ՝

Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում

11 ընտանիքներ, որոնք տարհանվել էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Ջենովա քաղաքի ենթակառուցվածքի պատասխանատուներին:

Նրանց տվյալներով՝ երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 16:00-ին Լիգուրիայի մարզի վարչակազմի ղեկավար Ջովանի Տոտին եւ Ջենովայի քաղաքագլուխ Մարկո Բուչին նոր բնակարանները կհանձնեն տարհանվածներին: Գործակալությունը ճշտում է, որ առաջիկա շաբաթներին սպասվում է եւս 40 ընտանիքների տեղափոխումը նոր բնակարաններ: Նշվում է, որ բնակարանների հատկացման հարցում առաջնությունը տրվում է երեխաներով ընտանիքներին, տարեց քաղաքացիներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն օգոստոսի 19-ին Facebook-ի իր էջում հայտնել է, որ, ի լրումն ողբերգության հետեւանքների վերացման համար ավելի վաղ հատկացված 5 մլն եվրոյի, Իտալիայի նախարարների խորհուրդը հատկացրել է եւս 28,5 մլն եվրո:

Քաղաքական գործիչը նշել է, որ այդ միջոցները կօգտագործվեն այլընտրական երթուղիներ ստեղծելու, տրանսպորտային համակարգն ամրապնդելու եւ այն մարդկանց բնակարարաններ տրամադրելու համար, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները:

Օգոստոսի 14-ի առավոտյան Ջենովայի մերձակայքում փլվել է այն կամրջի 200-մետրանոց հատվածը, որով անցնում է A10 ավտոմայրուղին: Պատահարի պահին կամրջի վրա եղել է 30 մարդատար ավտոմեքենա եւ երեք բեռնատար: Փլուզման հետեւանքով զոհվել է 43 մարդ: Օգոստոսի 19-ին ողբերգության վայրում ավարտվել է որոնողափրկարարական գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս