ԱԱԾ տնօրենը չի կարող լինել ՀՖՖ նախագահ. Իրավական կարծիք
ԱԱԾ տնօրենը միաժամանակ չի կարող լինել ՀՖՖ նախագահ, քանի որ դա կհակասի «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված ազգային անվտանգության մարմինների գործունեության և ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին սկզբունքներին:
Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը հիմնված է օրինականության, ժողովրդավարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու, կուսակցությունների ու ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված իր գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ սկզբունքների պահպանմամբ` միանձնյա և կենտրոնացված ղեկավարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառման համակցմամբ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի պաշտոնական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ:
Վերը նշված իրավական նորմերից բխում է, որ ազգային անվտանգության մարմինները և ազգային անվտանգության մարմինների ծառայողները պարտավոր են գործել և ծառայություն իրականացնել հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքով:
Միևնույն ժամանակ, համաձայն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրության 2-րդ բաժնի՝
1. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը ինքնաֆինանսավորվող, ինքնակառավարվող, ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ (ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է, որը ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից, Երևան քաղաքում։
4. ՀՖՖ-ն ստեղծվում է հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբների և ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող ցանկացած այլ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄԱՎՈՐ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ` իր անդամ կազմակերպությունների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև իրենց ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով։
«Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրության 10-րդ բաժնի 1-ին կետի համաձայն՝ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՖՖ-Ի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁՆ Է, ՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՀՖՖ-Ն ՀՀ-ՈՒՄ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։
Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հասարակական միավորում է, ուստի ազգային անվտանգության մարմինները և ազգային անվտանգության ծառայողները, համաձայն վերը նշված իրավական նորմերի, պետք է գործեն ՀՖՖ գործունեությունից անկախության սկզբունքի հիման վրա: Մինչդեռ ԱԱԾ տնօրենի կողմից ՀՖՖ-ի նախագահի պաշտոնի ստանձնման պարագայում ազգային անվտանգության ծառայողները «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության հետ հարաբերություններում չեն կարող պահպանել հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքը, քանի որ ԱԱԾ տնօրենը կդառնա այդ հասարական միավորման բարձրագույն պաշտոնատար անձը, ով ի պաշտոնե ներկայացնելու է ՀՖՖ-ն ՀՀ-ում, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ: Ընդ որում, համաձայն «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողն իրավունք չունի լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից:
Ի լրումն վերոնշյալի անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հետևյալը.
«Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին ԱՐԳԵԼՎՈՒՄ Է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ՕԺԱՆԴԱԿԵԼ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ և ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ:
«Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա»իրավաբանական անձանց միության կանոնադրության 4-րդ բաժնի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ՀՖՖ-ն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԴԱՌՆԱԼ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱԿԻՑ, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած եղանակով ձեռք բերել գույք, այդ թվում՝ արժեթղթեր, ինչպես նաև տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը:
«Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա»իրավաբանական անձանց միության կանոնադրության 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ՀՖՖ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՅԱՆՈՒՄ Է ՀՖՖ-Ի ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ:
Վերոգրյալ իրավական նորմերը համադրելով «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կանոնադրության 10-րդ բաժնում ամրագրված ՀՖՖ-ի նախագահի լիազորությունների հետ՝ պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը, հանդիսանալով ազգային անվտանգության մարմինների աշխատակից, ՀՖՖ-ի նախագահ ընտրվելու պարագայում որպես ՀՖՖ-ի բարձրագույն պաշտոնատար անձ չի կարող իր օժանդակությունը չունենալ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ՀՖՖ-ի կողմից ստեղծված տնտեսական ընկերություններին, որպիսի հանգամանքը անհամատեղելի է ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների գործունեության հետ և արգելված է օրենքով:
տնօրեն, ի. գ. թ., փաստաբան Սլավիկ Պողոսյան
փոխտնօրեն, փաստաբան Արտակ Նավասարդյան
ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԱԱԾ ՏՆՕՐԵՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԱԱԾ տնօրենը միաժամանակ չի կարող լինել ՀՖՖ նախագահ, քանի որ դա…
Gepostet von Liberty LLC – Law Firm am Sonntag, 22. Juli 2018