Բաժիններ՝

Լվովում ավելի քան 20 մարդ փրկվել է ջրհեղեղից

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները Լվովում տեղի ունեցած հորդառատ անձրևից փրկել են 22 քաղաքացու: Քաղաքում շարունակվում են բնական աղետի հետևանքների վերացման աշխատանքները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների պետական ծառայության Լվովի տարածաշրջանի ղեկավարությանը:

Օգոստոսի 17-ի երեկոյան Լվովում հորդառատ անձրև է տեղացել, ինչի հետևանքով մի շարք փողոցներ անցել են ջրի տակ, դժվարացել է երթևեկությունը և ծառեր են տապալվել: Երեկոյան արդեն երթևեկությունը վերականգնվել է:

Հաղորդվում էր, որ Լվովում փրկարարները երթուղային տաքսիներից ու մեքենաներից տարհանել են 130 մարդու:

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգնություն է ցուցաբերվել 142 հոգու, որոնցից 15-ը՝ երեխաներ: Փրկվել են 22 քաղաքացի, քարշակի օգտագործմամբ ջրի միջից հանվել են 12 ավտոբուս և 15 ավտոմեքենա, 13 նկուղային տարածքներից ջրահեռացում է կատարվել: Շուրջ 5 հազար խորանարդ մետր ջուր է հեռացվել»,- ասված է ծառայության կայքում:

Գործակալության տվյալներով՝ ջրի տակ հայտնված նկուղային սրճարանից փրկել են 10, իսկ նկուղային վարսահարդարման սրահից 2 հոգու, ինչպես նաև մարդկանց, ովքեր հայտնվել են երթուղային տրանսպորտում:

Լվովի քաղաքապետարանի կայքում նշված է, որ շաբաթ օրը կոմունալ ծառայությունների աշխատակիցների համար քաղաքում աշխատանքային է. նրանք վերացնում են անբարենպաստ եղանակի հետևանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս