Բաժիններ՝

Ջենովայում կամրջի փլուզումից զոհերի թիվը հասել է 41-ի

Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 41-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՆՍԱ գործակալությանը:

Գործակալության փոխանցմամբ՝ փրկարարները փլատակների տակ մեքենա են հայտնաբերել, որում ընտանիք է եղել: Ավելի վաղ հայտնել են, որ աղետի հետևանքով զոհվել է 38 մարդ:

Մորանդի կամրջի փլուզման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը տեղի է ունենում Ջենովայում: Վերջին հրաժեշտի համար ընտրվել է Լիգուրիայի կենտրոնական Սբ Լավրենտիոս տաճարը:

Բացի այդ, օգոստոսի 18-ին Իտալիայում համընդհանուր սուգ է հայտարարված: Սգո արարողության մասնակցելու համար Ջենովա է ժամանել Իտալիայի ղեկավարությունը՝ նախագահ Սերժիո Մատարելան, խորհրդարանի երկու պալատների ղեկավարները, վարչապետ Ջուզեպե Կոնտեն, կառավարման մարմինների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ: Հռոմի կաթոլիկ եկեղեցին ներկայացնում է Ջենովայի կարդինալ, արքեպիսկոպոս Անժելո Բանյասկոն:

Օգոստոսի 14-ի առավոտյան Ջենովա քաղաքի մոտակայքում փլուզվել է A10 մայրուղու կամրջի հատվածը: Աղետի պահին կամրջի վրա եղել է 30 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա: Փրկարարները փնտրում են 5 անհետ կորածներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս