«Սա է հիմնական փոփոխությունը, որ պետք է դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը». Նիկոլ Փաշինյան
«Կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո ենթարկվում է այս հրապարակին։ Մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարևոր որոշումները կայացնելիս՝ պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք այս կամ այն գործողության իրականացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ առաջիկայում պետք է ուժեղացնել հանրաքվեի ինստիտուտը և բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով. «Առաջիկայում պետք է կատարվեն այնպիսի փոփոխություններ, որ տարբեր իրադարձությունների վերաբերյալ կառավարությունն ու ժողովուրդը միասին որոշում կայացնեն՝ հանրաքվեներով։ Սա է հիմնական փոփոխությունը, որ պետք է դառնա մեր հեղափոխության երկրորդ ալիքը»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը. «Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի նորագույն ժամանակների Ագորան»։