Բաժիններ՝

Թաիլանդում տոն են կազմակերպելու երեխաներին փրկելու գործողության մասնակիցների համար

Թաիլանդի կառավարությունը սեպտեմբերի 6-ին տոն կկազմակերպի Տհամ Լուանգ հեղեղված քարանձավից 12 դեռահասներին ու նրանց ֆուտբոլի մարզիչին փրկելու գործողության բոլոր մասնակիցների համար, որին հրավիրված է ավելի քան 61 հազար մարդ: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտնել է կաբինետի նախարար, վարչապետի վարչակազմի ղեկավար Սուվապհան Տհանյուվարատհանան:

«Տոնը Բանգկոկի Թագավորական հրապարակում տեղի կունենա սեպտեմբերի 6-ին եւ կտեւի ժամը 18:00-ից մինչեւ 21:00-ն»,- հայտարարել է նախարարը Թաիլանդի Ազգային երրորդ հեռուստաալիքի նորությունների թողարկման ժամանակ: «Բացի Տհամ Լուանգ քարանձավից դեռահասներին փրկելու գործողությունների բոլոր փուլերին մասնակցած թաիլանդցիներից, որոնք ավելի քան 61 հազար հոգի են, տոնին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ավելի քան 300 օտարերկրյա քաղաքացիների, որոնց աշխատանքը կարեւորագույն դեր է խաղացել երեխաներին փրկելու գործում»,- հավելել է նախարարը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ պատանի ֆուտբոլիստները, որոնք ավելի քան երկու շաբաթ անցկացրել են Թաիլանդի հեղեղված քարանձավում, հրավեր են ստացել հանգստանալ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում:

«Վերականգնման հարցում երեխաներին օգնելու եւ սարսափազդու պայմաններում կամային բարձր հատկություններ ու դիմացկունություն ցուցաբերելու համար «Արտեկ»-ի տնօրեն Ալեքսեյ Կասպրժակը տղաներին հրավիրել է ճամբար»,- նշել է ռուս դիվանագետը: Թաիլանդում ձեռնամուխ են եղել թանգարանի կառուցմանը՝ ի հիշատակ քարանձավից 12 դեռահասներին եւ նրանց ֆոտբոլային մարզչին փրկելու:

Սպասվում է, որ թանգարանը կկարողանա այցելուներ ընդունել հինգ ամսից: Նախագծի արժեքը մոտավորապես 300 հազար դոլար է, թանգարանի կառուցման միջոցները կհատկացնի նկարիչ Չալմեչայ Կոսիտպիպատը: Թաիլանդի Wild Boars պատանեկան ֆուտբոլային թիմի 12 դեռահասներ ու նրանց մարզիչը կորել էին հունիսի 23-ին: Նրանք մտել էին Տհամ Լուանգ յոթկիլոմետրանոց քարանձավը եւ անակնկալ հեղեղման պատճառով հայտնվել արգելափակված վիճակում:

Որոնումները շարունակվում էին տասն օր: Երեխաներին ու նրանց մարզիչին քարանձավում ողջ են գտել, բայց սովից ուժասպառ: Փրկարար գործողությունը տեւել է երեք օր: Գործողությունն իրականացնելիս զոհվել է Թաիլանդի ռազմածովային ուժերի նախկին ավագ սերժանտ, լողորդ Սաման Կունանը: Թանգարանի առջեւ կտեղադրվի Կունանի 4-մետրանոց արձանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս