Բաժիններ՝

Թուրքական դատարանը դարձյալ չբավարարեց պաստոր Բրանսոնին ազատելու բողոքարկումը

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը դարձյալ հրաժարվել է տնային կալանքից ազատել ահաբեկիչներին օժանդակելու մեղադրանքով ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին: Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը:

Դա Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրտի՝ պաստորին ձերբակալելու դատարանի վճռի բողոքարկման արդեն երրորդ փորձն էր: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը: «Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում է»: Նախօրյակին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը:

«Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս