Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն համաչափ պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին
Թուրքիան մտադիր է այսուհետեւ էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության: Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը:
«Մենք արդեն ԱՄՆ-ին պատասխան ենք տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, մտադիր ենք այսուհետեւ էլ համաչափ պատասխաններ տալ»,- նախարարի խոսքը մեջբերել է NTV հեռուստաալիքը:
Նախօրյակին Պեքջանը նաեւ հայտնել էր, որ Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել է հրավերը: Այսպիսով, մեր կողմից դատաքննություն է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Պեքջանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»:
Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:
Ռուխսար Պեքջանը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում Է 533 մլն դոլար»,- ասել է նա:
Պեքջանը նաեւ պատրաստակամություն է հայտնել պաշտպանել «հայրենական ընկերությունների շահերը ԱՄՆ-ի անարդարացի քայլերից»: Նրա խոսքով՝ Թուրքիան հանդես կգա հայելային պատասխանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: