«ԱՄՆ-ն պիտի հասկանա, որ սա կովբոյական ֆիլմ չէ». Չավուշօղլու
Պաշտոնական Անկարային բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիան ԱՄՆ-ի համար լավ բարեկամ չէ։ Սպիտակ տան ղեկավարի այդ արտահայտությանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«ԱՄՆ-ն չի կարողանում տեսնել , թե ով է իրական բարեկամը։ Մենք սխալ պահվածք չենք ցուցաբերել։ Չենք աջակցել ԱՄՆ-ի վրա հարձակում գործած ահաբեկիչներին։ Ինչ է, ահաբեկչական կազմակերպություններին հազարավոր բեռնատարներով զենք-զինամթերք տա՞լն էր իրական բարեկամություն: Եթե ԱՄՆ-ն բարեկամական մոտեցում ցուցաբերեր, ապա նման լարվածության անհրաժեշտություն չէր էլ լինի։ ԱՄՆ-ն պիտի հասկանա, որ սա կովբոյական ֆիլմ չէ»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են։ Գլխավոր պատճառը Թուրքիայում կալանքի տակ պահվող բողոքական եկեղեցու հովիվ, ԱՄՆ քաղաքացի Էնդրյու Բրանսոնն է։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։