Պատերազմները տեղափոխվում են առցանց դաշտ
Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը.
«Մենք առցանց աշխարհում Ամերիկայի անվտանգությունը կդարձնենք նույնքան գերիշխող, որքան այն ֆիզիկական աշխարհում է»:
Նախորդ տարի Equifax ընկերությունից գողացված 150 միլիոն ամերիկացիների անձնական տվյալները ստիպել են նաեւ մասնավոր ընկերություններին զբաղվել առցանց անվտանգությամբ, երբեմն աշխատանքի ընդունելով հաքերների:
«Ընկերություններըվճարում են, որպեսզի մենք փորձենք ներթափանցել նրանց առցանց համակարգ։ Դրանից հետոմենք նրանց պատմում ենք իրենց համակարգի թույլ տեղերի մասին», – նշում է հաքեր, առցանց անվտանգության մասնագետ Վիննի Թրոյան:
Սակայն հարվածի տակ են ոչ միայնֆինանսական հաստատությունները: IBM ընկերության մասնագետների խոսքերով, առցանց հարձակումներ են կատարվում նաեւ պետական եւ առողջապահական հաստատությունների վրա: Ստեղծված իրավիճակում հարվածի տակ է նույնիսկ երկրների ազգային անվտանգությունը, համոզված է առցանց անվտանգության մասնագետ Քիմ Զեթթերը.
«Օրինակ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը վիրուս էին մշակել, որով վարակել էին Իրանում գտնվող ուրանի հարստացման ցենտրիֆուգները, որոնք էլ շարքից դուրս էին եկել»:
Առայժմ առցանց հարձակումները դեռեւս մահացու ավարտ չեն ունենում, սակայն, մասնագետների խոսքով, դրանց վտանգն ապագայում նվազեցնելու համար կպահանջվեն գլոբալ լուծումներ: