Արայիկ Հարությունյանն ամփոփել է իր գործունեության 100 օրը
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ամփոփել է նախարարի պաշտոնում գործունեության 100 օրը:
Արայիկ Հարությունյանի աշխատանքային 100-օրվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները.
Հանրապետության 201 համայնքում 2019 թվականից սկսած կընդլայնվեն նախադպրոցական ծառայությունների ներդրման և մատուցման միջոցով նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության այլընտրանքային մոդելները:
Իրականացվել են հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի փոփոխությանն ուղղված միջոցառումներ, որոնք միտված են ուսումնական հաստատությունների ապակուսակցականացմանը և ԲՈՒՀ-երի ինքնավարության աստիճանի բարձրացմանը:
Կրթության և գիտության նախարարությունն ու մշակույթի նախարարությունը համատեղ ներկայացրել են աբոնեմենտ տրամադրելու ծրագիր, որի շրջանակում բոլոր դպրոցներից յուրաքանչյուր աշակերտ կկարողանա այցելել թատրոն, պատկերասրահ/թանգարան, համերգասրահ: Արդյունքում ակնկալվում է նշված
հաստատություններ այցելությունների տարեկան աճ՝ մինչև մեկ միլիոն:
Իրականացվել է Հայաստան գերհամակարգիչների ներմուծման ծրագիր:
Կրթության ոլորտի բոլոր բարեփոխումները այսուհետև կիրականացվեն ԿԳՆ հովանու ներքո՝ պետական և մասնավոր, ինչպես նաև դոնոր համայնքի հետ սերտ
համագործակցության միջոցով:
Հայաստանը միացել է աշխարհի 17 պետություններին, որոնք դառնում են Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսի վաղ ներդնող։ Մասնակցությունը ծրագրին կնպաստի մարդկային կապիտալի զարգացման ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կխթանի ներդրումների հոսք կրթության, սոցիալական և առողջապահության ոլորտներում։