Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել երկրի նախկին վարչապետ Աթալ Վաջփայիի մահվան կապակցությամբ
Հնդկաստանում յոթնօրյա սուգ է սկսվել հայտնի քաղաքական գործիչ, երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի մահվան կապակցությամբ:
Ինչպես նախօրյակին հայտնել է Հնդկաստանի ՆԳ նախարարությունը, սուգը կտեւի յոթ օր՝ մինչեւ օգոստոսի 22-ը: Դելիի իշխանությունների կարգադրությամբ, կառավարական բոլոր հաստատություններն այդ օրը մայրաքաղաքում փակ են լինելու: Պարապմունքները դպրոցներում եւ համալսարաններում, ինչպես նաեւ ժամանցային բոլոր միջոցառումները կչեղարկվեն: Բոլոր պետական դրոշները կխոնարհվեն:
Ինչպես արդեն տեղեկացվել է, օգոստոսի 16-ին 93 տարեկան հասակում վախճանվել է Հնդկաստանի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային:
Վաջփային, որը Հնդկաստանի՝ թվով 11-րդ վարչապետն էր, ընթացիկ տարվա հունիսի 11-ին հիվանդանոց էր տեղափոխվել երիկամների եւ բրոնխների հիվանդություններով: Նա գտնվում էր Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում (AIIMS), որը երկրի առաջատար բժշկական կենտրոններից մեկն է:
Աթալ Բիհարի Վաջփային Հնդկաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1996 թվականին եւ 1998-2004 թՎականներին: Նա Հնդկաստանի ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: