ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ պետը հետո սկսեց արդարանալ ու բացատրել, թե ինչու է ասել, որ ապօրինի է դատարանի որոշումը։ «Այո, ես հիմա էլ եմ ասում՝ ապօրինի է, եւ բացատրում եմ, թե ինչու։ Առաջին հանգամանքը, առաջին ասպեկտը, որ ես բացատրում եմ, թե ինչու էր ապօրինի, հետեւյալն էր․ որ կայացվել է ոչ լեգիտիմ դատարանի կազմի կողմից, բացարկման ենթակա դատարանի կողմից է կայացվել։

Երկրորդը․ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, այսինքն՝ նա պետք է առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության ստուգում իրականացներ։

Այսինքն՝ պետք է հստակ երկու հարցի պատասխաներ՝ առկա՞ է, արդյոք, հիմնավոր կասկածը, այսինքն՝ կալանավորման պայմանը, եւ առկա՞ է, արդյոք, կալանավորման հիմքը։ Նա կարող էր մեղադրանքին անդրադառնալ միայն այն դեպքում, երբ լիներ ակնհայտ անհամապատասխանություն առաջադրված մեղադրանքի բովանդակության եւ նրան առաջադրված այդ Քրեական օրենսգրքի հոդվածով նախատեսված հանցակազմերի միջեւ»,- ասաց ՀՔԾ ղեկավարը։

Ի դեպ, երբ հարց հնչեց՝ ինքը կարծո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանն ազդեցություն է ունեցել դատարանի վրա, ՀՔԾ պետը դարձյալ հակասական պատասխան տվեց․ «Ես անցած անգամ ձեզ ասացի, որ ես կարծելով եզրահանգումներ չեմ անում, երբ որ կունենամ ապացույցներ, այդ մասին կխոսեմ»։

Հիմա հարց․ եթե ՀՔԾ պետը կարծելով եզրահանգումներ չի անում, ինչո՞ւ է այդ դեպքում դատավորի որոշման վերաբերյալ հայտարարում՝ «իմ կարծիքով, դա ապօրինի էր», եւ ինչո՞ւ չի ներկայացնում ապացույցներ։ Վերջում հարցրինք Սասուն Խաչատրյանին՝ մենք ունե՞նք այսօր անկախ եւ արդար դատական համակարգ։

Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է իր հայտարարություններով երաշխավորել, որ դատարաններն անկախ են կամ «նոր Հայաստանում» առնվազն պետք է անկախ լինեն։ Բայց ՀՔԾ պետը, ցավոք, խուսափեց այս հարցին ուղիղ պատասխանելուց․

«Գիտե՞ք ինչ, ես չեմ ուզում հիմա դատողություններ անել՝ արդար դատական համակարգ ունենք, թե չունենք։ Խնդրում եմ, ինձ մի ստիպեք, որ ես այսպիսի հայտարարություններ անեմ»։ Իսկ եթե մի դատարան «ապօրինի որոշում» է կայացնում՝ ըստ ՀՔԾ պետի, այդ դատարանն անկա՞խ է, թե՞ ոչ։ «Այդ որոշման բողոքարկման ընթացակարգեր կան, եւ այդ որոշումը, հուսով եմ…»,- ասաց Խաչատրյանը՝ խոսքը կիսատ թողնելով։ Եթե կա այդ որոշումը բողոքարկելու ընթացակարգ, եւ դեռ այդ բողոքարկումը չի եղել, ինչպե՞ս է ՀՔԾ պետն իրեն թույլ տալիս կանխակալ գնահատական հնչեցնել որոշման վերաբերյալ եւ այն համարել ապօրինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս