Թրամփն սպառնացել է նվազեցնել Թուրքիային ցուցաբերվող աջակցության մակարդակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Թուրքիան չազատի ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, Վաշինգտոնը կնվազեցնի այդ երկրին ցուցաբերվող աջակցության մակարդակը:

«Մենք ոչինչ չենք վճարի անմեղ մարդու ազատման համար, բայց մենք կկրճատենք Թուրքիային ցուցաբերվող աջակցությունը»,- գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում:

Նա նշել է, որ «Թուրքիան երկար տարիներ օգտվել Է Միացյալ Նահանգներից», ընդսմին Բրանսոնին անվանելով «մեծ հայրենասեր, որը պատանդի վիճակում է»:

Նախօրյակին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Ամերիկան պաստորի գործի կապակցությամբ կարող է ընդլայնել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը:

«Մենք արդեն պատժամիջոցներ ենք սահմանել նրա կաբինետի մի քանի անդամների նկատմամբ: Մենք ավելի շատ միջոցներ ենք պլանավորել, եթե թուրքերն արագորեն չազատեն նրան»,- ասել է նախարարը լրագրողներին:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն երկխոսության վերադառնալու կոչ է ուղղել ԱՄՆ-ին՝ Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերություններում ստեղծված խնդիրները լուծելու համար: «Խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերադառնալ երկխոսության: ԱՄՆ-ի կողմից սպառալիքներն ու ճնշումը կբերեն միայն քաոսի»,- ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա հավելել է, որ «ամերիկացի պաստոր Բրանսոնի գործով որեւէ փոփոխություն չկա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս