Բաժիններ՝

«Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով…». քրեակատարողական ծառայության պետ

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության ղեկավար անձնակազմի հետ աշխատանքային այցով եղավ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հիմնարկի վարչական շենքի դահլիճում Ա. Մխոյանը հիմնարկի վարչակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Ժորժիկ Վարագյանին: Շնորհավորելով վերջինիս և խոսքն ուղղելով ներկաներին՝ ծառայության պետը պահանջեց լինել ազնիվ, հարգել դիմացինի իրավունքները, արժանապատվությունը և աշխատել արդար՝ բարձր դասելով պետության շահերը. «Մեր առաջնային պահանջը կոռուպցիայի իսպառ վերացումն է իր բոլոր դրսևորումներով… Մյուս կարևոր պահանջը հիմնարկներում հանցավոր ենթամշակույթի և հիերարխիկ հարաբերությունների ձևավորումն արմատախիլ անելն է,-նշեց Ա. Մխոյանը՝ հավելելով,- գործում եք բացառապես օրենքի դաշտում, քանի որ հանրության սպասելիքները համակարգից մեծ են: Անհրաժեշտ է նախկինում ձևավորված կարծրատիպերը կոտրել, իսկ բարեփոխումները պետք է տեսանելի դառնան հասարակությանը»:

Ծառայության պետը վարչակազմին առաջարկեց նաև մտածել հիմնարկում նոր արտադրություն հիմնելու մասին՝ ապահովելու համար դատապարտյալների զբաղվածությունը. «Ծրագրերը շատ են, մենք պատրաստ ենք լսելու, քննարկելու և ընթացք տալու աշխատանքների բարելավմանն ուղղված բոլոր առաջարկները»:

Այնուհետև Ա. Մխոյանը շրջայց կատարեց քրեակատարողական հիմնարկի տարածքում, եղավ հանձնուքների ընդունման սենյակում, բնակելի գոտում, ճաշարանում, որտեղ հետևելով սննդի, հացի պահման պայմաններին և որակին, ճաշարանի մաքրությանը՝ հայտնեց իր գոհունակությունը:

Ծառայության պետը շրջեց խցերում, ուշադրություն դարձրեց այնտեղ առկա կահավորմանը, պահանջեց հետևել ջրի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները, բացառել անտեղի վատնումը: Խոսեց դատապարտյալների հետ, լսեց վերջիններին հուզող առաջնային հարցերը, տվեց սպառիչ պատասխաններ: Ա. Մխոյանն այցելեց նաև սպորտդահլիճ, եղավ դատապարտյալների համար նախատեսված հանգստի սենյակում: Հանդիպեց կալանավորված անձանց, հետաքրքրվեց պահման պայմաններից, նրանց հուզող խնդիրներից:

Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվեց համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջեց շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս