Մինչև 20 մարդ է անհայտ կորած համարվում Ջենովայում կամրջի փլվելուց հետո
Իտալիայի Ջենովա քաղաքի գլխավոր դատախազ Ֆրանչեսկո Կոցին օգոստոսի 16-ին հայտարարել է, որ 10-ից մինչեւ 20 մարդ մինչ այժմ կարող է գտնվել քաղաքում փլուզված կամրջի փլատակների տակ:
ANSA գործակալությունը նշում է, որ իտալացի փրկարարները երրորդ օրն անընդմեջ մարդկանց են փնտրում կամրջամասի փլվելու վայրում: Ջենովայի փրկարար ծառայության ներկայացուցիչ Սոնյա Նոչիի խոսքով՝ գործողությունը կշարունակվի այնքան ժամսանակ, քանի դեռ չեն հայտնաբերվի անհայտ կորած համարվող բոլոր մարդիկ: Տեղի իշխանությունները մինչ այժմ չգիտեն, թե ստույգ քանի ավտոմեքենա էր կամրջով ընթանում փլուզման պահին, ուստի եւ հայտնի չէ, թե քանի մարդ կարող է գտնվել փլատակների տակ: Վերջին տվյալների համաձայն, ողբերգության զոհ է դարձել 38 մարդ, այդ թվում՝ չորս ֆրանսիացի եւ երկու ալբանացի: Նախօրյակին հաղորդվել էր 39 զոհվածների մասին, բայց այնուհետեւ այդ տվյալները ճշտվել էին:
Եվս 16 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից տասի վիճակը գնահատվում է ծանր: Օգոստոսի 15-ին Իտալիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել մեկ տարի ժամկետով արտակարգ դրության ռեժիմ սահմանելուն եւ հայտարարել, որ զոհվածներին հրաժեշտի ազգային արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Ջենովայում: 1960-ական թվականներին կառուցված կամրջի 200-մետրանոց հատվածի փլուզումը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի ցերեկը: Իշխանությունները ենթադրում են, որ դրա պատճառը կարող է դառնալ օբյեկտի կոնստրուկցիաների թուլացումը: Կամրջի վիճակը, ինչպես նշում են իտալական ԶԼՄ-ները, վաղուց էր մտահոգում մասնագետներին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: