ՃՈ մեծաքանակ ուժերը աննախադեպ ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում
Հուլիսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն:
Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը:
Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր, դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ:
Հայտնաբերվեցին նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները:
Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չցուցաբերվեց ոչ մի վարորդի նկատմամբ:
Նման միջոցառումները պարբերական են:
Կոչ ենք անում երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները:
https://www.youtube.com/watch?v=J_pUyuo3cko