«Պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ». Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կարող է քննվել նաև ՍԴ-ում

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահ է՝ Քոչարյանին ազատած դատավոր Ալեքսանդր Ազարյանը ենթակա էր բացարկման։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ինքնին խնդիր չէ այն, որ Ազարյանը ժամանակին աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, սակայն կա մեկ այլ հանգամանք:

«Պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով, իմ խորին համոզմամբ։ Ինչո՞ւ։ Որովհետև նա Մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ այնպիսի ձևակերպումներով, որոնք վկայում են նրա կանխակալ վերաբերմունքի մասին»,- ասաց Ս.Խաչատրյանը՝ մեջբերելով այդ վճիռներից մեկից, որում դատավորը խաղաղ ցուցարարներին «ամբոխ, զանգվածային անկարգությունների մասնակիցներ» է բնութագրել»:

Ըստ նրա՝ նա այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքի կրողն է, և այդ պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, իսկ եթե չէր հայտնում, պարտավոր էր ներկայացնել այս փաստերը, որից հետո Դատախազության ներկայացուցիչներն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեին, իսկ ՀՔԾ քննիչները, որոնք չունեն նման իրավունք, գոնե հայտարարությամբ հանդես կգային. «Սակայն ունենք մի իրավիճակ, երբ պարոն Ազարյանը վերաքննիչ դատարանի նախագահի արձակուրդում գտնվելու պայմաններում ժամանակավորապես իրականացնելով  դատարանի նախագահի պարտականությունները, այդ համոզմունքների կրողը լինելով, նա սույն քրեական գործը մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ նման ձևակերպումներով մարդկանց է դատապարտել, և չհայտնելով այս մասին, որ ինքն արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք այս գործի, այդ դեպքերի վերաբերյալ, որոշում է կայացրել այս գործով»։

ՀՔԾ պետը վստահեցրեց, որ իրենք նախապես չեն իմացել դատավորի կանխակալության մասին, իսկ երբ գործը քննվել է դատարանի ոչ լեգիտիմ կազմով, Քոչարյանին ազատելու որոշումն ապօրինի է: Ընդ որում, ըստ նրա՝ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների սահմանից և առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը քննելու փոխարեն՝ միանգամից անդրադարձել է մեղադրանքին:

Կարդացեք նաև

ՀՔԾ պետը նշեց, որ, եթե վճռաբեկ դատարանը չփոխի վերաքննիչի որոշումը, հարցը կարող է քննվել Սահմանադրական դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս