Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային

Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին  առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։

Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռիային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Դրանից զատ կքննարկվի, թե ամերիկյան նոր սերնդի F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումը Թուրքիային ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության վրա:

Սակայն մինչ զեկույցի պատրաստումը, Թրամփի վավերացրած բյուջեի նախագծով ժամանակավորապես դադարեցվում է ԱՄՆ-ի կողմից «F-35»-ների  մատակարարման գործընթացը Թուրքիային։

Աղբյուրը նշում է, որ հենց այս զեկույցից հետո պարզ կդառնա, թե արդյոք ԱՄՆ-ն վերջնականապես կդադարեցնի այդ ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, թե ոչ։

Հիշեցնենք, որ վերջերս էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցների պատճառն  այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Diken

Տեսանյութեր

Լրահոս