Բաժիններ՝

Մոսկվան հակված է երկկողմանի առևտրային կապերում հրաժարվել դոլարից

Մոսկվան դեռևս տեղյակ չէ, թե ինչպիսի հավելյալ պատժամիջոցներ կկիրառվեն ԱՄՆ-ի կողմից: Դրա մասին է նշել Կրեմլի խոսնակը, ով անդրադարձել է նաև այլ երկրների հետ առևտուր իրականացնելու հարցին:

Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի տրամադրել որևէ կարգադրություն ԱՄՆ-ի դեմ նոր սահմանափակումներ կիրառելու մասին, քանի որ Վաշինգտոնը նույնպես դեռևս առաջ չի քաշել Մոսկվայի նկատմամբ նոր սահմանափակումներ: Իրավիճակն այս առումով դեռևս պարզ չէ, հայտարարել է Կրեմլը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտեսի թունավորման պատճառով: Ռուսաստանը սակայն հերքում է իր ներգրավվածությունը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում ամերիկյան կողմի նկատմամբ պատասխան քայլերով հանդես գալու ուղղությամբ:

Այս առիթով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշում է, որ դեռևս շուտ է ասել, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ը:

«Եղավ հայտարարություն ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների մասին և եղավ տեղեկություն, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, սակայն նոր պատժամիջոցներ դեռևս չեն սահմանվել: Առանց հստակ տեղեկության, թե ինչպիսի նոր սահմանափակումներ կլինեն Վաշինգտոնի կողմից, չեմ գտնում, որ ճիշտ է դրանք մեկնաբանել»,- ասում է Դմիտրի Պեսկովը:

Անդրադառնալով Մոսկվայի՝ այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման հարցին՝ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Մոսկվան հակվում է երկկողմանի առևտրային հարաբերությունները զարգացնել երկրների ազգային արժույթներով, քան ամերիկյան դոլարով, սակայն այդ մոտեցման իրականացման համար պետք է տարվի հավելյալ աշխատանք:

«Ազգային արժույթներով առևտուր իրականացնելու գաղափարը վաղուց է շրջանառվում Մոսկվայի կողմից ամենատարբեր, ներառյալ ամենաբարձր մակարդակներում: Մի քանի անգամ այս հարցին և դրա իրականացման անհրաժեշտությանն անդրադարձել է նաև նախագահ Պուտինը: Իհարկե, դա պահանջում է մանրակրկիթ հաշվարկի իրականացում, սակայն մենք երկկողմանի առևտրային հարաբերություններում հակված ենք այս մոտեցմանը և այս հարցը մի քանի անգամ շոշափել ենք նաև ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ»,- ասել է Պեսկովը:

Իր հերթին օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել այս գաղափարին՝ հայտարարելով, որ Անկարան պատրաստվում է երկկողմանի առևտուր իրականացնել ազգային արժույթներով Չինաստանի, Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս