«Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը». ՀՀ ԱԳՆ
Հայաստանը սկսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթացը։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ դեռ քննարկումնների փուլում են, արդյունքների մասին տեղյակ կպահվի. «Մենք միայն սկսել ենք փոփոխման գործընթացը»։
Նրա խոսքով՝ մինչ ՀԱՊԿ գագաթաժողովը բավականաչափ աշխատանք կա կատարելու. «Հայաստանը, նպատակ ունենալով տարանջատել ներպետական իրավական դատական գործընթացները ՀԱՊԿ-ից, ինչպես նաև երաշխավորել ՀԱՊԿ քարտուղարության բնական գործունեության անխափանությունը, նախաձեռնել էր համապատասխան գործընթացներ, որոնց մասին տեղյակ ենք պահել հանրությանը։ Մնացած հարցերը ՀԱՊԿ շրջանակներում ենթարկա են քննարկումների։ Ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հաստատվեն Հավաքական անվտանգության խորհրդի կողմից»։
Հարցին՝ այսօր տեղեկություն է հայտնվել, որ պաշտպանության նախկին նախարարն ու փոխնախարար՝ ներկայիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՌԴ քաղաքացիներ են, ինչքանո՞վ է այս տեղեկությունը հիմնավոր Յուրի Խաչատուրովի դեպքում, նա այսպես պատասխանեց. «Ըստ ՀՀ օրենքի՝ Հայաստանում պետական բարձր պաշտոն չի կարող զբաղեցնել այլ երկրի քաղաքացին։ Յուրի Խաչատուրովի՝ Ռուսաստանի քաղաքացի լինելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեմ, գրավոր դիմում ներկայացրեք, կփորձենք 5 օրվա ընթացքում պատասխանել։ Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին»։