Ինչպե՞ս են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Վահագ Սիսեռյանն ուշացել ինքնաթիռից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ Լոնդոն կատարած այցը սահուն եւ հարթ չի անցել։ Մեզ հասած լուրերով՝ փոխվարչապետն ու նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մինչ թռիչքը հանգրվանել են Մոսկվայի օդանավակայանի VIP սպասարկման սրահում, որտեղ պետք է մի քանի ժամ անցկացնեին՝ մինչեւ Լոնդոն թռչող ինքնաթիռը նստելը։ Բայց երիտասարդները, հավանաբար, շատ են ոգեւորվել իրենց անսպասելի հաջողություններից եւ բարձր կարգավիճակից ու սկսել են վայելել լաունջի հաճույքները։

«Խմիչքի չափաքանակը, հավանաբար, մի քիչ շատ է եղել, երիտասարդները քնած են մնացել եւ ուշացել ինքնաթիռից։ Հետո զանգահարել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանին՝ խնդրելով իրենց համար հյուրանոցի սենյակ պատվիրել, սակայն քանի որ այդ օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնությունն էր ընթանում, բոլոր հյուրանոցները զբաղված են եղել, եւ Ավինյանն ու նրա գրասենյակի ղեկավարը ստիպված են եղել գիշերել օդանավակայանում։

Վարագ Սիսեռյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ ինքնաթիռից ուշացել են։ Նա ասաց․ «Այդպես չի եղել։ Եղել է դեպք, որի հետեւանքով ավելի ուշ ենք գնացել, բայց 1 օր չենք ուշացել։ Մոսկվայից ուշացում եղել է, բայց միջոցառումից չենք ուշացել։ Իմիջիայլոց, միայն մենք չէինք ուշացել, մոտավորապես այնտեղ 20 հոգի կային, որոնք բոլորն էլ բողոքել էին, որովհետեւ շուտ էին փակել գեյթերը։ Մենք էնտեղ մեր բողոքը ներկայացրել ենք, նաեւ տեղյակ ենք պահել Հայաստանի աէրոֆլոտին, որ այդպիսի բան է եղել, խնդիր չառաջացնելու համար սպասել ենք հաջորդ թռիչքին, հաջորդ թռիչքով գնացել ենք Լոնդոն։ Ասեմ՝ իմանաք, որ Լոնդոնի այցը հատուկ բարեգործական այց էր, ՀԲԸՄ-ն էր կազմակերպել, այսինքն՝ պետական միջոցներով չէր։ Միայն մեր ինքնաթիռի հետ չէր խնդիրը, Մունդիալի օրերն էին, իրենք մեկը մյուսի ետեւից խնդիրներ ունեին, դրա համար գեյթերն ավելի շուտ էին փակել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս