Անկարայի ինքնադասակարգումը Մոսկվայի և Թեհրանի կողքին
Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։ Եթե Մոսկվայի եւ Թեհրանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցները ունեն հիմնականում տնտեսական բնույթ, ապա Անկարայի դեմ ցարդ կիրառվածը ամերիկացի քարոզչի ձերբակալման եւ բանտարկման գործընթացին դերակատար եղած երկու նախարարների ուղղությամբ է։ Բնույթով՝ ոչ տնտեսական։ Սակայն Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների թեժացմանն առընթեր թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը մտածել է տալիս, որ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող լարված իրավիճակի զարգացման միտումները տնտեսական հետեւանքներ պիտի ունենան անմիջականության կշռույթով։
Տնտեսագիտական առումով փորձագիտական վերլուծում պետք է ընդունելու համար այն եզրակացությունը, որ երկու նախարարների նկատմամբ կայացած որոշմանը ինչ տեսակ քայլեր պետք է ձեռնարկված լինեն, որոնք կարող են ազդել ամբողջ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Առանց տնտեսական պատժամիջոցներ պաշտոնապես որդեգրելու, Անկարայի մոտ արդեն կայացել է հստակ միտում՝ երկրի դրամանիշի կտրուկ արժեզրկման պատճառ նկատելու Վաշինգտոնը։
Այսպես. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհեռանկարային է համարել իր երկրի վրա տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, այդ շարքում՝ ֆինանսական համակարգի ապակայունացման ճանապարհով:
Նկատենք, որ Թուրքիայի ֆինանսատնտեսական տագնապը թեկուզ ոչ կտրուկ այս կշռույթով, այնուամենայնիւ սկսել էր արդեն ամերիկացի քարոզչի ձերբակալությունից եւ այդ քայլի իբրեւ հետեւանք երկու նախարարների դեմ որդեգրված պատժամիջոցներից բաւական առաջ։ Հիմա արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամը թեւակոխել է նոր հարթություն։ Թուրքիայի նախագահի համոզմամբ տնտեսական ճնշման քաղաքականության հետեւանքով, որը ըստ նրա անհեռանկարային է։
Թեեւ Վաշինգտոնի ուղղված հասցեականությունը ուղղակի չէ, բայց ուղերձը պարզ է։ Հիմա լարվածության առումով թիրախը մեկ է եւ բոլոր ուղղակի կամ անուղղակի մեղադրանքները այդ ուղղությամբ են արձակվում։
Անկարայի հայտարարություններում կա առանցքային մոտեցում։ Թեհրանին եւ Մոսկվային ուղերձ հղել, որ Անկարան միեւնույն դասակարգման տակ է գտնվում եւ ինչպես ռազմավարական նոր առանցքի իր գործընկերները, ի՛նքը եւս ենթարկվում է ԱՄՆ-ի տնտեսական ճնշամիջոցներին։ Թեեւ, Թեհրանն ու Մոսկվան ոչ միայն ենթակա են արդեն տնտեսական պատժամիջոցներին, այլ տարբեր երկրների եւս կոչ է արվում միանալու պատժամիջոցային ընդհանուր քաղաքականությանը։ Անկարան դեռ այնտեղ չհասած ինքն իրեն դասում է մյուս «զոհերի» շարքին։
Այս ինքնադասակարգումը կարող է նպաստել Անկարա-Թեհրան եւ Անկարա-Մոսկվա հավելյալ մերձեցման եւ համագործակցության ձեւաւորման ենթահողը ամրացնելու առաջադրանքին։
Փորձենք սակայն Երեւանից դիտել այս նոր գործընթացները անմիջապես նկատելու համար, որ տնտեսական պատժամիջոցային քաղաքականության ենթակա են սահմանակից Իրանը, սահմանամերձ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն, սահմանակից (թեկուզ փակ սահմանով) Թուրքիան, որ իր ֆինանսատնտեսական ճգնաժամը անհեռանկարային է համարում, եւ որ սակայն դա վերագրում է միեւնույն պատժող պետությանը։ Եւ ենթադրենք, որ թուրքական լիրայից կամ իրանյան թումանից աւելի ռուսական ռուբլու արժեզրկումն է, որը կարող է որոշակի ազդեցություն թողել մեր երկրի ֆինանսատնտեսական իրավիճակի վրա։
Տնտեսական տագնապները կարող են անկայունացնել երկրների հասարակությունները։ Երբ Էրդողանը խոսում է իր երկրի ֆինանսական համակարգի անկայունացման նպատակով գործադրվող ճնշումների մասին, ըստ էության, զգուշացնում է իր ժողովրդին՝ ներթուրքական հասարակության ապակայունացման վտանգից։ «Եթե նրանք դոլարներ ունեն, ապա մենք ունենք մեր ժողովուրդը, իրավունքն ու Ալլահը», ասել էր Թուրքիայի նախագահը։ Պարզ է ուղերձը. ժողովրդային զանգվածները պետք է շարունակեն համախմբված լինել պետության շուրջ՝ կանխարգելելու համար Վաշինգտոնի կողմից կիրառվող տնտեսական քաղաքականությամբ ներքին անկայունություն ստեղծելու իրավիճակի դիմակայման համար։
Անկարայի ուղղությամբ դեռ պատժամիջոցներ չեն որդեգրվել, այսուհանդերձ թուրքական լիրան կտրուկ արժեզրկվում է եւ Էրդողանը ըստ էության խոսում է Թուրքիայի ապակայունացման մասին։ Թուրքական լիրայի հավելյալ արժեզրկումը կամ վերարժեւորումը կարող է լույս սփռել Թեհրանի եւ Մոսկվայի կողքին Անկարայի ինքնադասակարգման քաղաքական շարժառիթների վրա։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր