Բաժիններ՝

«Բանանց»-ի մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական է ներկայացրել

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Արցախի» դեմ հանդիպումից հետո պաշտոնից իր հրաժարականի մասին է հայտնել:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել և դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար՝ որպես մարզչի:

Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս թիմի խաղում անկում կա:

Կարծում եմ, որ լինում են պահեր, երբ պետք է հանուն թիմի նման որոշում կայացնել: Այսպիսին է մարզչի կյանքը, պետք է ընդունել դա և շարժվել առաջ: Հուսով եմ, որ իմ այս որոշման արդյունքում թիմը կփոխվի դեպի դրականը և ֆուտբոլիստները նոր, թարմ հայացքով կմոտենան խաղերին:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանանցի» ղեկավարությանը այս ընթացքում ինձ վստահելու համար, ֆուտբոլիստներին ու ողջ անձնակազմին շնորհակալություն եմ հայտում համատեղ աշխատանքի համար և մաղթում եմ հետագա հաջողություններ»,- ասել է Արամ Ոսկանյանը:

Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբից հեռանալու որոշում է կայացրել նաև նրա օգնական Մանուկ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս