«ՀՀ-ԵՄ օրակարգում բավականին մեծ աշխատանք կա իրականացնելու». փորձագետ
«Պարսից ծոց-Սև ծով ծրագրով պետք է շահագրգռված լինեն նաև ՀՀ իշխանությունները, այլապես ԵՄ-ի ջանքերն ապարդյուն կլինեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը՝ անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին, ԵՄ դիրքորոշմանն ու հայ-իրանական հարաբերություններին:
Դելքուրն ասաց, որ ԵՄ-ի դիրքորոշումը հստակ է, ԵՄ-ն մեծ ձեռքբերում է համարում միջուկային համաձայնությունը, որը հեշտ չտրվեց բանակցություններով զբաղվող երկրներին: Ըստ նրա՝ որևէ կողմ չի խախտել իր պարտավորությունները, ուստի պատճառ չկա Իրանի հետ հարաբերությունները կրկին վատթարացնելու համար:
«Ավելին՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում ունի, որ պետք է աջակցի Իրանին, քանի որ Իրանի հետ լուրջ ծրագրեր կան, որոնց մասին դեռ հրապարակային չի խոսվում: ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում կցանկանար միջնորդ լինել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում, ինչը ներկայումս անհնար հեռանկար եմ համարում: Բայց ինչ-որ մի պահի, կարծում եմ, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի բանակցությունների միջոցով»,- ասաց Լոռ Դելքուրը:
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է դառնալ միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև, քանի որ կան նման կարծիքներ, Դելքուրը պատասխանեց, որ այդ հեռանկարը քիչ հավանական է:
«Կարծում եմ, եթե պահը հասունանա, դա կողմերը կորոշեն, դա հնարավոր է, բայց քիչ հավանական, որ դա լինի Հայաստանը: Դա պետք է ԱՄՆ-ի համար մտերիմ երկիր լինի, որովհետև այստեղ կա ԱՄՆ դիրքորոշումը մեղմելու հարց, և եվրոպական կողմն աշխատում է այդ ուղղությամբ, թեև այս պահին՝ ապարդյուն»,- ասաց վերլուծաբանը:
Ըստ նրա՝ ԵՄ-ն շահագրգռված է Պարսից ծոց-Սև ծով ծրագրի իրականացմամբ:
«Այս պատժամիջոցները, բնականաբար, խոչընդոտում են այդ ծրագրի իրականացմանը: Սակայն ելնելով դրա իրականացման անհրաժեշտությունից ԵՄ-ի համար, ԵՄ-ն այս հարցում կաջակցի Իրանին, Հայաստանին և Վրաստանին, որպեսզի այն արագ հունի մեջ ընկնի: Աջակցությունը կլինի հայ-իրանական հարաբերությունները խթանելու ուղղությամբ, քանի որ, որքան զարգանան այդ հարաբերությունները, այնքան այս պրոյեկտն ավելի իրատեսական կդառնա:
Կարծում եմ` այս պատժամիջոցների ընթացքում ԵՄ-ն ակտիվորեն կաշխատի այդ ուղղությամբ: Բայց դրանով պետք է շահագրգռված լինեն նաև ՀՀ իշխանությունները, այլապես այդ ջանքերն ապարդյուն կլինեն»,- ասաց Լոռ Դելքուրը:
Բայց, նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները վերջին երկու ամիսների ընթացքում ավելի դանդաղել են, քանի որ հայկական կողմը կենտրոնացած է առավելապես ներքաղաքական խնդիրների վրա, ինչը հասկանալի է, կոնկրետ այս ծրագրին անդրադարձ կլինի ավելի ուշ: «ԵՄ-ի ուշադրության կենտրոնում Հայաստանի վերաբերյալ, առաջին հերթին՝ ՀՀ-ԵՄ օրակարգն է, այստեղ բավականին մեծ աշխատանք կա իրականացնելու` ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ավելի վաղ հաստատված աջակցության ծրագրեր, և այլն, և այլն:
Հայաստանում տեղի ունեցած և ներկայումս շարունակվող զարգացումները որոշակիորեն ետ մղեցին ժամանակացույցերը, ուստի պետք է աշխատել հասցնել, եթե կա ցանկություն շարունակելու նույն այդ ծրագրերը: ԵՄ-ն սպասում է, որ այդ ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դելքուրը: