«Հետհեղափոխական վտանգն այն է, որ համաժողովրդական ոգևորվածությունը շատ կարճ ժամանակ անց կարող է մարել». վրացի նախկին դիվանագետ
«Համաժողովրդական ոգևորվածությունը շատ կարճ ժամանակ անց կարող է մարել, քանի որ հեղափոխությունից հետո սպասումները գերագնահատված են, հասարակությունը ոչ միշտ է հասկանում, որ իրական բարեփոխումների համար երբեմն տասնյակ տարիներ են անհաժեշտ, ուստի օր առաջ պետք է սկսել այդ աշխատանքը, առարկայացնել բարեփոխումների խոստումները հասարակության վստահությունը չկորցնելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հետհեղափոխական քայլերին:
Նշենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել էր Հայաստանում տիրող իրավիճակը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը: «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում Սահակաշվիլին ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է անում: Վրաստանի նախկին նախագահը կարծիք էր հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամբողջովին փոխի համակարգը: Նա նաև նշել է, որ Փաշինյանը պետք է ժամանակին ցրեր խորհրդարանը, սակայն հավելել է, որ դրա համար դեռ ուշ չէ:
«Ավելի լավ է, որ նա սովորի մեր սխալների վրա: Պետք չէ, որ նա սեփական սխալները գործի, որովհետև նրա հաջողությունից նաև կախված է մեր բոլորիս հաջողությունը»,- հավելել էր Սահակաշվիլին: Վրաստանի նախկին նախագահը նշել էր, որ Հայաստանի վարչապետին կարկառուն մարդ է համարում, և նշել է, որ նա պետք է արագացնի անցկացվող բարեփոխումները, և քանի դեռ կա ժողովրդի էներգիան, այն ճիշտ օգտագործի:
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ բոլոր իշխանություններն էլ սխալներ գործում են:
«Հատկապես հեղափոխությունից հետո հեշտ չէ կողմնորոշվել ճիշտ քայլեր իրականացնելու հարցում: Սա կոնկրետ միայն Հայաստանի դեպքում չէ, շատ իշխանություններ սխալվում են, երբ հեղափոխությունից հետո ողջ ռեսուրսն ուղղում են նախկին իշխանություններին պատժելուն և ներքաղաքական պայքարի մրցակիցներին քաղաքական դաշտում «վերացնելուն», քանի որ, ըստ ցանկացած նոր իշխանության, նախկինները եղել են սխալ, անարդար, և այլն:
Սա որոշ երկրների դեպքում ճիշտ մեկնաբանություն է, որոշների դեպքում` ոչ: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ ապօրինությունը մասսայական բնույթ է կրել, պետք է պատժվեն դրա մեղավորները, պետք է պատժելիության մթնոլորտ ձևավորվի, բայց իշխանությունների գերնպատակը պետք է լինեն բարեփոխումները, որպեսզի այն հասարակությունը, որն աջակցել է իշխանափոխությանը, զգա այդ բարեփոխումները:
Հետհեղափոխական վտանգն այն է, որ համաժողովրդական ոգևորվածությունը շատ կարճ ժամանակ անց կարող է մարել, քանի որ հեղափոխությունից հետո սպասումները գերագնահատված են, հասարակությունը ոչ միշտ է հասկանում, որ իրական բարեփոխումների համար երբեմն տասնյակ տարիներ են անհաժեշտ, ուստի օր առաջ պետք է սկսել այդ աշխատանքը, առարկայացնել բարեփոխումների խոստումները՝ հասարակության վստահությունը չկորցնելու համար:
Այս իմաստով կարևորում եմ նախկին նախագահի խորհուրդը: Բայց կարևոր եմ համարում նաև նշել, որ ցանկացած երկրում գործընթացներն ունեն իրենց տրամաբանությունը, քանի որ խնդիրների և իրավիճակների պատճառները տարբեր են, հասարակությունները, նրանց իշխանությունները, մոտեցումները տարբեր են: Ուստի ունիվերսալ բանաձևեր չկան»,- ասաց Մենագարիշվիլին:
Բարեփոխումների հարցում, ըստ վրացի նախկին դիվանագետի, հայկական կողմը կարող է հույսեր կապել նոր ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ, որը լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին:
«ՀՀ-ում ԵՄ դեսպանը վերջերս նշել էր, որ չօգտագործված աջակցության միջոցներ կան: Բնականաբար անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ այս կառույցի տված հնարավորություններին ծանոթանալու և ճիշտ ժամանակին դրանցից օգտվելու համար, եթե կա բարեփոխումների ցանկություն:
Վրաստանում բոլոր էական բարեփոխումները տեղի են ունեցել ԵՄ աջակցությամբ, բնականաբար, ներքին պահանջին համահունչ: Ուստի դեսպանը նշելով չօգտագործված գումարի մասին՝ ակնարկել է, որ Հայաստանը ժամանակ է կորցնում կամ չի իրականացնում իր պարտավորությունների որոշ մասը, որը հանգեցնում է այդ գումարների կուտակման, այնինչ, ինչպես երևում է, Հայաստանին անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնելու համար լուրջ միջոցներ են հարկավոր: Ուստի ամեն լուման էլ կարևոր է»,- ասաց նա: