Վրաստանում տեղատարափները հեղեղել են Բաթումը և Քոբուլեթը
Օգոստոսի 10-ի առավոտից գրեթե ողջ Աջարիայում տեղացող հորդառատ անձրեւները լուրջ խնդիրներ են ստեղծել տեղի բնակիչների Վրաստանի այս ինքնավար հանրապետության սեւծովյան առողջարաններում հանգստացող հյուրերի համար:
Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, ջրի հոսքերը ծածկել են ավտոմոբիլային ճանապարհները՝ սահմանափակելով տրանսպորտի երթեւեկությունն ինքնավարության տարածքում, հեղեղվել են Բաթումի, Քոբուլեթի եւ Մախինջաուրի ավանի փողոցները, տներն ու խանութները:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում Բաթումից ստացվել է ավելի քան 80 կանչ: Ջուրը հեղեղել է բակերը, նկուղները եւ շենքերի առաջին հարկերը: Քաղաքի առանձին վայրերում ավտոմոբիլային երթեւեկությունը կաթվածահար վիճակում է, մարդիկ տեղաշարժվում են փչովի նավակներով:
Անձրեւների պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ Բաթում-Քոբուլեթ կենտրոնական ավտոմայրուղում, որտեղ գոյացած ավտոմոբիլային խցանումը ձգվում է մի քանի կիլոմետր: Հարյուրավոր մեքենաներ չեն կարողացել շարունակել ճանապարհը, քանի որ ավտոմայրուղու առանձին տեղամասեր գրեթե ամբողջությամբ հայտնվել են ջրի տակ:
Հեղեղման հետեւանքների դեմ պայքարում են նաեւ Քոբուլեթ եւ Մախինջաուրի առողջարանների բնակիչները: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ սաստիկ անձրեւի ու քամու պատճառով Քոբուլեթի մունիցիպալիտետի գյուղերում վնասվել են Էլեկտրահաղորդման գծերը, տապալվել են էլեկտրական գծերի մի քանի հենասյուներ: Ընդհանուր առմամբ առանց լույսի են մնացել տասը գյուղի բնակիչներ:
Եղանակը խնդիրներ Է ստեղծել նաեւ Աջարիայի հարեւան տարածաշրջաններում՝ Գուրիայում եւ Սամեգրելո-Զեմո Սվանեթում, որտեղ վարարած գետերի ջրերը հեղեղել են տները, բակերն ու տնամերձ հողամասերը այդ տարածաշրջանների քաղաքներում ու գյուղերում, այդ թվում՝ Փոթիում, Զուգդիդում եւ Սենակիում, Գորիում, Աբաշայում եւ Մարտվիլում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: