Տարհանում Ֆրանսիայում. մարդկանց դուրս են բերում հեղեղումների գոտուց
Ֆրանսիայի հարավում շուրջ 1600 մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, տարհանվել են տեղետարափ անձրեւների հետեւանքով, կան անհայտ կորածներ: Այդ մասին հաղորդել է Sputnik-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը:
Փրկարարական գործողություններում գործի են դրվել ավելի քան 400 հրշեջներ եւ ժանդարմներ: Աղետի գոտիների վրա օդից պարեկում են ժանդարմերիայի չորս ուղղաթիռներ:
Տուժածների ստույգ թիվը դեռեւս չի նշվում. հայտնի է, որ նրանց թվում շատ են զբոսաշրջիկները, կան նաեւ անհայտ կորածներ: Տեղեկացվում է այն մարդկանց մասին, որոնք հիվանդանոց են տեղափոխվել վնասվածքներով եւ ցրտահարությամբ:
Վտանգավոր գոտիներից տարհանվածներին տեղավորելու համար ստեղծվել են հատուկ կետեր:
Տարհանվածների թվում 119 երեխաներ են Սեն-Ժյուլիեն դե-Պեյրոլի կոմունայի ամառային ճամբարից: BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ այստեղ հանգստացող երեխաները ժամանել են Գերմանիայից: Ճամբարի ղեկավարներից մեկը՝ Գերմանիայի 70-ամյա քաղաքացին, անհայտ կորել է:
Սաստիկ ամպրոպները եւ տեղատարափ անձրեւները Ֆրանսիայում սկսվել են օգոստոսի 9-ին: Տարերքի պատճառով Ֆրանսիայի արեւելքի եւ հարավ-արեւելքի 26 դեպարտամենտներում հայտարարված Է օդերեւութաբանական վտանգի նարնջագույն մակարդակ: