«Հեղափոխությունն ամբողջովին կյանքի կոչելու համար անհրաժեշտ են բազմաթիվ քայլեր». Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այս պահին կայացված միակ որոշումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելն է, իսկ մասնակցության ձևաչափի ու քաղաքապետի թեկնածուի հարցերը դեռ օրակարգում են»,- նշեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` ընտրություններին մասնակցելու որոշում կայացնելու առաջնահերթ պատճառը երկրում փոխված իրավիճակն է:
«Հույս ունենք, որ ընտրական համակարգն այլևս կվերադառնա Հայաստան և չի լքի երբեք: Մենք ունեցել ենք մի գործընթաց, որը գործադիր իշխանությունում ավարտվել է իշխանափոխությամբ, և ցանկանում ենք այդ գործընթացը շարունակել ու երկրում ստեղծել իրավիճակ, որը կբերի հեղափոխական արդյունքների: Հասարակությունը դուրս է եկել հեղափոխության, բայց հեղափոխությունն ամբողջովին կյանքի կոչելու համար անհրաժեշտ են բազմաթիվ քայլեր, դրանցից մեկը նաև քաղաքում նորմալ իշխանություն հաստատելն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության նախագահը նշում է, որ իրենք պատրաստվում են քաղաքացիների իշխանությունը տարածել նաև Երևանում:
«Մենք փորձելու այնպիսի քայլեր իրականացնել, որոնք կծառայեն բացառապես մեր քաղաքացիներին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչություն որոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: