Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:
Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:
Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր անձի:
Արմեն Գրիգորյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
Հանդիպման վերջում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով այլև ջերմ միջավայրով: