Բաժիններ՝

Իրանը դադարեցրել է նավթի մատակարարումը Ֆրանսիային ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Իրանը հուլիսին հունիս ամսվա համեմատությամբ նավթի արդյունահանումը նվազեցրել է օրական 40 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,75 մլն բարել, ինչն ամենացածր մակարդակն է 2017 թվականի ապրիլից ի վեր. նավթի արտահանումը նվազել է օրական 90 հազար բարելով՝ մինչեւ օրական 2,19 մլն բարել: Այդ մասին նշվում է Միջազգային Էներգետիկական գործակալության (ՄԷԳ) ամսական հաշվետվության մեջ:

ՄԷԳ-ը նավթի արտահանման նվազման պատճառը համարում է ԱՄՆ-ի այն պատժամիջոցները, որոնք վերականգնվելու են նոյեմբերին, ինչի պատճառով Եվրոպան նվազեցնում է իրանական նավթի գնումները, իսկ Հարավային Կորեան ամբողջությամբ հրաժարվել է գնումներից: Դրա հետ մեկտեղ արտահանումը, այնուամենայնիվ, մի փոքր բարձր է եղել 2017 թվականի ապրիլի մակարդակից՝ օրական 2,16 մլն բարել: Kpler-ի՝ նավերի դիտարկման տվյալների համաձայն, գրում է ՄԷԳ-ը, Իրանից նավթի արտահանումը Եվրոպա, ներառյալ Թուրքիան, հունիսի համեմատությամբ նվազել է օրական 140 հազար բարելով՝ օրական մինչեւ 410 հազար բարել՝ 2017 թվականի օրական 750 հազար բարել միջին մակարդակի համեմատությամբ: Ֆրանսիային մատակարարումներն ամբողջությամբ դադարեցվել են:

«ԱՄՆ-ի վարչակազմը պաշտոնապես մերժել է Ֆրանսիային պատժամիջոցների ռեժիմից բացառություն ստանալու հարցում, ինչը ֆրանսիական Total-ին թույլ կտար շարունակել Իրանում աշխատել եւ մնալ 4,8 մլրդ դոլար արժողությամբ «Հարավային Պարս 11» գազի նախագծում»,-գրում է ՄԷԳ-ը: Total-ը հայտարարել է, որ կարող է «Հարավային Պարս 11»-ից դուրս գալ մայիսի սկզբին, սակայն ընկերությունը 60 օր ուներ, որպեսզի փորձեր ԱՄՆ-ի հետ համաձայնության գալ պատժամիջոցների ռեժիմից բացառության շուրջ: Total-ը պաշտոնապես չի հայտարարել՝ արդյոք իրեն հաջողվել է պայմանավորվածության հասնել:

Իտալիային եւ Իսպանիային մատակարարումները շարունակել է նվազել, Թուրքիա արտահանումը մնում Է օրական 140 հազար բարելի մակարդակի վրա: Մինչդեռ Իրանը Ասիային նավթի մատակարարումներն ավելացրել է օրական 50 հազար բարելով՝ օրական մինչեւ 1,65 մլն բարել, քանի որ Չինաստանն ավելացրել է գնումները, իսկ Հնդկաստանի կողմից իրանական նավթի գնումները հասել են ռեկորդային մակարդակի: Չինաստանը հուլիսին գնել է օրական 775 հազար բարել իրանական նավթ, ինչն օրական 120 հազար բարելով ավելի է հունիսի ցուցանիշից եւ ամենաբարձր մակարդակն է 2016 թվականի ապրիլից ի վեր: Հնդկաստանը գնել է աննախադեպ օրական 770 հազար բարել իրանական նավթ, ինչն օրական 90 հազար բարելով բարձր է հունիսյան գնումներից: Ճապոնիային մատակարարումները հուլիսին նվազել են օրական 50 հազար բարելով՝ մինչեւ օրական 110 հազար բարել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս