Բաժիններ՝

Շիրակցի տարեցներն իրենց ուժերն են չափում շախմատ, շաշկի, նարդի և տեգախաղ մարզաձևերում

63 և բարձր տարիք ունեցող շիրակցիները մասնակցում են Տարեցների հանրապետական խաղերին: Արդեն երկրորդ տարին է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպում է մարզական խաղեր, որոնց մասնակցում են տարեցները: Նպատակը նրանց ակտիվ հանգստի կազմակերպումն ու զբաղվածության ապահովումն է:

Տարեց մարզիկները՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, մրցում են շախմատ, նարդի (կարճ), շաշկի և տեգախաղ (դարթս) մրցաձևերում: Օգոստոսի 10-ին մրցումների մարզային փուլն անցկացվեց Գյումրու թիվ 30 դպրոցում: Մարզի տարբեր համայնքներից ժամանած 21 առավել լավ արդյունքներ ցուցաբերած մարզիկներից կազմվելու է հավաքական թիմ, որն էլ մարզը կներկայացնի հանրապետական ստուգատեսում: «Շատ հետաքրքիր մրցումներ են սպասվում: Առավել ակտիվ պայքար է ընթանում նարդու մրցումներում: Մարզային փուլի հաղթողներն իրավունք կստանան սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Ծաղկաձորում մասնակցել հանրապետական եզրափակիչ մրցումներին»,-«Արմենպրես»-ին ասաց ՇՄ կրթության, մշակույթի ու սպորտի վարչության մշակույթի ու սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը: Անցած տարի մարզը հանրապետական մրցումներում թեև թիմային պայքարում առաջատար չի եղել, սակայն մրցանակակիրներ ունեցել է՝ Ալեքսան Մանուկյանը (շախմատ) և Մելսիդա Գևորգյանը (նարդի): Երկուսն էլ այս տարի կրկին մասնակցում են խաղերին:

«Մրցումներից հետո առաջին անգամ եմ նարդի խաղում, հուսամ այս տարի էլ հաջողություն կունենամ»,- նշեց 77-ամյա Մելսիդա Գևորգյանը: Մրցումներին երկրորդ անգամ է մասնակցում Սիմա Հարությունյանը: Նա այս տարի ևս իր ուժերը չափում է տեգախաղում: Ասում է՝ չնայած աչքերը վիրահատված են, բայց դիպուկություն ունի՝ տեգը նետում է բավական հմտորեն: «Անցած տարի էլ եմ մասնակցել: 6-րդ տեղն եմ գրավել, շատ հետաքրքիր է, հուսամ այս տարի ավելի լավ արդյունքներ կունենամ»,-նշեց տիկին Սիման:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս